Մրգաստան համայնքի ղեկավարը հափշտակել է համայնքի բյուջե մուտքագրման ենթակա խոշոր չափի գումար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայության տեղեկացմամբ, վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մրգաստան համայնքի ղեկավարը, 2008 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018 թթ. պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է համայնքի մի շարք բնակիչներից օրենքով սահմանված կարգով վճարված և համայնքի բյուջե մուտքագրման ենթակա խոշոր չափի գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: