Վարչապետի իշխանության երգն արդեն երգված է, բայց ով է գալու և ինչ է լինելու հետո

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային սխալ, նույնիսկ խայտառակ քաղաքականությունը, ինչպես արդեն նշել եմ իմ նախորդ՝ «Փաշինյանի նշանակած կադրն այլասերվածների իրավունքների պաշտպան լինելուց բացի, մասոն է կամ մասոններին շատ մտերիմ» հրապարակման մեջ, արդեն իսկ մեծ դերակատարում է ունեցել, որպեսզի շատերը նրանից հիասթափվեն, վարչապետի գործունեությունից իրենց դժգոհությունը հայտնեն:

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխանական խմբակցության ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջերից մեկը, որը մշտապես ծառայեցվել է իշխանական քարոզչության իրականացմանը, ինչպես արդեն հայտնի է, հանդես եկավ ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում հետևյալ հարցմամբ՝ «Գոհ ե՞ք Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնի ղեկավարումից»: Մեկ նախադասության մեջ լեզվական ու մտքի սխալները (Փաշինյանը վարչապետի պաշտոնը չի ղեկավարում, այլ կառավարությունն ու Հայաստանի Հանրապետությունը) թերևս լավագույն կերպով բնութագրում են նորեկների կրթական մակարդակը, բայց այդ մակարդակին չէ, որ այս հրապարակմամբ ցանկանում ենք անդրադառնալ, այլ այն իրողությանը, որ հարցումը խայտառակ արդյունք ունեցավ:

Հիշենք, որ վերոնշյալ հարցումից մոտ տասն օր առաջ «Ռեֆորմիստներ» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ ու մամուլի ասուլիսով, որոնցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց նախաձեռնել իր իսկ նկատմամբ վստահության հանրաքվե։ Ռեֆորմիստների կարծիքով, դրա պահը հասունացած է, Փաշինյանն արդեն ակնհայտորեն չունի հասարակական այն վստահությունը, որը ժամանակին ուներ, մի շարք պատճառներով նրա հանդեպ վստահության բավական մեծ անկում է արձանագրվել, իրավիճակն այն չէ, ինչ մեկ տարի առաջ էր։ «Իմ քայլը» խմբակցության կամ նրա ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջերից մեկի նախաձեռնած հարցումը հավանաբար հետապնդում էր հակառակն ապացուցելու քարոզչական-մանիպուլյացիոն ու քաղաքական նպատակ (զուգահեռաբար միգուցե նաև՝ «զոնդաժի»), սակայն…

Չնայած գործող իշխանության մոլեռանդ պաշտպան (եթե չասենք նրան պատկանող) մեծաթիվ ֆեյքերի առկայությանը, առաջին հարցումն արագորեն ցույց տվեց Փաշինյանի ղեկավարումից հասարակական մեծ դժգոհությունը: Կարճ ժամանակում հարցմանը մասնակցածների (ավելի քան 6000 հոգի) գերակշիռ մասն իր դժգոհությունը հայտնեց Փաշինյանի կառավարումից: Հարցումն՝ իր արդյունքներով հանդերձ, արագորեն հեռացվեց հիշյալ ֆեյսբուքյան էջից, հետո մի արհեստական պատճառաբանությամբ, «կրկին փորձիր» սկզբունքով կրկնվեց, ու դարձյալ կարճ ժամանակում արձանագրեց Փաշինյանի նկատմամբ հարցմանը մասնակցածների մեծամասնության (63 տոկոս) դժգոհությունը: Նիկոլ Փաշինյանի ղեկավարումից դժգոհ և իրենց դժգոհությունը քվեարկությամբ արտահայտողների քանակն, անշուշտ, էլի կաճեր, եթե «Իմ քայլը» խմբակցության ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջից երկրորդ՝ կրկնված հարցումը նույնպես չհեռացվեր իր արդյունքներով հանդերձ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, խայտառակ պարտության հանրայնացումից խուսափելու նպատակով՝ «Իմ քայլը» ֆեյսբուքյան էջը հեռացրեց երկու հարցումներն էլ, որից մեկում՝ արդեն հարցվածների 59%-ը դժգոհել էր Փաշինյանի վարչապետությունից, իսկ երկրորդում 63%-ը դժգոհում և շարունակում էր դժգոհել»,- վերոնշյալ հարցման կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է սոցիալական ցանցի օգտատերերից Հայկ Աթոյանը և ապա հետգրությամբ հավելել.

«Շնորհավորում եմ բոլոր՝ իրավիճակը սթափ գնահատող, ադեկվադ, հայրենասեր, քրիստոնյա մարդկանց առաջին հանրային մեծ հաղթանակի կապակցությամբ, սա ավելի նյարդայնացնող էր քայլածների համար, քան Աբովյանի ընտրությունները»:

«Իմ քայլը» էջի հարցումից հետո համացանցում այլ էջերի, կայքերի կողմից ևս նմանաբնույթ հարցումներ անցկացվեցին, ինչպես, օրինակ, ֆեյսբուքյան «Խելքով» էջի կողմից, վարչապետի ղեկավարումից դժգոհ մարդկանց տոկոսը հասավ 85-ի, բայց այս ամենը մի կողմ թողնենք, վարչապետը, իշխող ուժը ֆեյսբուքյան այլ էջերի, կայքերի նախաձեռնած հարցումների արդյունքները կարող են համարել սարքովի, բայց «Իմ քայլը» խմբակցության ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջի կրկնակի հարցման արդյունքներին նույն գնահատականը չեն կարող տալ:

Անկախ վերոնշյալ հարցումների արդյունքներից, և նույնիսկ անկախ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, ինչպես նաև վերջերս անցկացված ՏԻՄ ղեկավարների ընտրությունների մեծամասնությունում իշխանության ներկայացուցիչների պարտությունից, հավանաբար բոլորին էլ, բացի Փաշինյանի անձի նկատմամբ կույր պաշտամունք ունեցողներից կամ Նիկոլի վկաներից,  ակնհայտ է, որ վարչապետի ղեկավարումից, Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու, գործազրկության և աղքատության ցուցանիշները նվազեցնելու նրա անկարողությունից դժգոհ մարդկանց թիվը մեծ է ու գնալով աճում է: Փաշինյանի թիմակիցներից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տևական ժամանակ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքի աղբահանության հարցը չի կարողանում լուծել, ամռան այս շոգին հակահիգենիկ, վտանգավոր ու խայտառակ վիճակ է Երևանում, էլ ինչի՞ մասին է խոսքը:

Դժգոհ մարդկանց թիվը մեծ է ու գնալով աճում է նաև վարչապետի արտաքին քաղաքականությունից, ԼԳԲՏ-ների, այսինքն՝ այլասերվածների ու նրանց «իրավունքների» պաշտպանների նկատմամբ բարեհաճ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, մեր հերոս գեներալների հանդեպ ազգավնաս, առնվազն վտանգավոր վերաբերմունքից, շատուշատ հարցերում Փաշինյանի անգործությունից, ինչպես արդեն նշեցի, նրա կադրային խայտառակ, ձախողված քաղաքականությունից…

Վերոնշյալ թվարկումը կարելի է էլի շարունակել, բայց, կարծում ենք, նշվածը լիովին բավական է: Փաշինյանից, նրա գործունեությունից և անգործություևից դժգոհության աճն արդեն երկրաչափական պրոգրեսիայով է, վարչապետից հիասթափությունն ու դժգոհությունն աճում են ինչպես վայր գլորվող ձյունագունդը: Շատ մարդիկ արդեն կանխազգում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության երգն արդեն երգված է, կես տարի հետո կլինի դա, մեկ տարի հետո, թե քիչ ավելի ուշ՝ ամենակարևոր հարցը չէ, առավել կարևոր է այն, թե Փաշինյանի քաղաքականության արդյունքում Հայստանն ու Արցախը, Աստված մի արասցե, մինչ այդ աղետի չե՞ն ենթարկվի, և երկրի ղեկավարումից Փաշինյանի հեռանալուց կամ հեռացվելուց հետո ի՞նչ է լինելու, ո՞վ է լինելու հաջորդը, Հայաստանն, ի վերջո, ունենալո՞ւ է իրեն արժանի ղեկավար:

Արթուր Հովհաննիսյան