Մարդը ծնվում է իր անավարտ դեմքով ու բնավորությամբ, բայց նրա ապրելաձևը հղկում ու ավարտում է պակասը․ Երվանդ Քոչար

Այսօր մեծատաղանդ քանդակագործ-գեղանկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան օրն է

Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից:

Երվանդ Քոչարը ծնվել է 1899թ․ հունիսի 15-ին, Թիֆլիսում՝ շուշեցի Սիմեոն Քոչարյանի և Ֆեոկլա Մարտիրոսյանի ընտանիքում։ 1906-1918 թվականներին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918 թթ․միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում (Շմերլինգի դպրոց), հայ մեծանուն նկարիչ Եղիշե Թադևոսյանի (1870-1936)  դասարանում:  1918 թվականին չնայած տիրող հեղափոխական թոհուբոհին՝ քաղաքացիական կռիվներին, Երվանդ Քոչարը Կարո Հալաբյանի հետ ուղևորվել է Մոսկվա: Վլադիկավկազում հանդիպում են Վահան Տերյանին, որի հանձնարարականը դյուրացնում է հաղթահարել այդ արկածախնդիր ուղևորությունը: Երվանդ Քոչարը 1918-1919 թթ․ սովորել է Մոսկվայի Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցներում` Պ. Կոնչալովսկու դասարանում:

1919թ. ավարտելով ուսումը՝ վերադարձել է Թիֆլիս, նկարչություն է դասավանդել տեղի հայկական դպրոցներում, բացել իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1921թ. դասավանդել է Թիֆլիսի բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում։

1922թ. Քոչարը եվրոպական արվեստին մոտիկից ծանոթանալու և այն  ուսումնասիրելու նպատակով  ուղևորվում է Եվրոպա: Առաջին կանգառը  Կոստանդնուպոլիսն էր,  այնուհետև Վենետիկը: Այստեղ նա առաջին անգամ լրջորեն զբաղվում է  քանդակագործությամբ `  կերտում է Ավ. Իսահակյանի,  Վենետիկի  կարդինալ Լաֆոնտենի, Ժ. Զաքարյանի  և Աբբահայր Կյուրեղյանի  քանդակները:Այդ շրջանի նրա ստեղծագործությունը ներառում է կուբիզմի, սիմվոլիզմի, ֆուտուրիզմի, մետաֆիզիկական նկարչության, սյուրռեալիզմի, էքսպրեսիոնիզմի հոսանքների ազդեցությունը, նրանց ոճական-ձևական հնարների համադրումը։

1936թ. վերադարձել է հայրենիք, ընդունվել Հայաստանի նկարիչների միություն և մասնակցել տեղական ու միութենական ցուցահանդեսների։

1941թ․ պատերազմի սկսվելու հենց առաջին օրը Քոչարը  մեղադրվում է «Հակահեղափոխական քարոզչության և հակահեղափոխական  գործունեության մեջ»: Հետագայում Անաստաս Միկոյանի և ճարտարապետ, Սովետական ճարտարապետների միության պատասխանատու քարտուղար Կարո Հալաբյանի բարեխոսությամբ 1943 թվականի օգոստոսին նա ազատվեց կալանքից։ Բանտում ստեղծում է  Մովսես Մվսիսյանի դիմանկարը սատինե թաշկինակի վրա` թվագրված   22.X.1942։

Քոչարը «Սասունցի Դավիթ» ազգային էպոսի հազարամյակի տոնակատարության շրջանակներում, անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում, ստեղծում է  «Սասունցի Դավթի» գիպսե արձանը (առաջին տարբերակ), որը Քոչարի ձերբակալությանը հաջորդած տարիներին բարբարոսաբար ոչնչացվում է:

1944-1945թթ. նկարչություն է դասավանդել Երևանի թատերական և պոլիտեխնիկական ինստիտուտներում։ Քոչարը բազմաժանր, բազմազան տեխնիկայով աշխատող արվեստագետ էր։

1948թ. մոմաներկերի գյուտի համար ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտերի և հայտնագործությունների կոմիտեից ստացել է հեղինակային վկայագիր։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։

Սասունցի Դավիթ (արձան, Երևան)

 

Կիբեռնետիկայի մուսան (քանդակ, Երևան)

 

Բիբլիական Դավիթը (հուշարձան, Երևան)

 

Վարդան Մամիկոնյանի հուշարձան (Երևան)