Ստեփանակերտում կայացել է «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով

«Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերության նախաձեռնությամբ այսօր «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել «Արևային Արցախ» խորագրով գործարար համաժողով:

«Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ՝ համաժողովին բացման խոսքով հանդես է եկել «Շտիգենի» հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը:

Նա ասել է, որ իրենց ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին` տարածաշրջանի էներգետիկ արդյունավետության, էներգետիկ և տնտեսական անվտանգության բարձրացման տեսլականով:

Խոսելով համաժողովի կազմակերպման մասին՝ Հ. Շեկյանը նաև ասել է, որ իրենց նպատակն է, որ ոլորտի տարբեր շահագրգիռ կողմերն ավելի արագ օգտագործեն այդ հնարավորությունը: Մոտ մեկուկես ամիս առաջ Արցախում ընդունված արևային էներգետիկային նպաստող օրենսդրություն ունենալն ԱՀ-ում որևէ էական առաջընթաց չի գրանցել:

«Մոտ մեկուկես ամիս առաջ Արցախում ընդունվել է արևային էներգետիկային նպաստող օրենսդրություն, որը թույլ է տալիս հասարակ բնակիչներին և բիզնես ոլորտի ներկայացուցիչներին տեղադրել արևային կայաններ և դրանք միացնել «Արցախէներգոյի» ցանցին՝ առանց որևէ լրացուցիչ պարտավորությունների,- մասնավորապես ասել է Հ. Շեկյանը:- Այն լավ հնարավորություն է բիզնեսի ֆինանսի խնայողության համար՝ հաշվի առնելով, որ բիզնեսի համար էլեկտրաէներգիայի սակագինն ավելի բարձր է: Այդ ոլորտի ներկայացուցիչները կարող են լինել ավելի մրցունակ, ավելի արագ զարգացնել իրենց բիզնեսը և բարձրացնել որակը: Եթե նախկինում պետք էր խնայել էլեկտրաէներգիան ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով, ապա այժմ Արցախում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով այն կարող ենք ստանալ ավելի մատչելի ապառիկ վարկավորմամբ: Մոտ 5-6 տարվա ընթացքում մարելով վարկերը՝ քաղաքացիները շուրջ 25 տարի օգտագործելու են անվճար էլեկտրաէներգիա»:

Տնօրենն ավելացրել է, որ իրենք բնակիչներին առաջին հերթին առաջարկում են արևային տաք ջուր: Ոչ այնքան զարգացած ենթակառուցվածքներ ունեցող բնակավայրերի քաղաքացիները կարող են ունենալ կյանքի այլ որակ՝ ողջ տարին ունենալով շահավետ էներգիա. այլև բնապահպանական մեծ օգուտ կտա և անտառահատումներ շատ չեն լինի:

Այնուհետև «Շտիգեն» ընկերության մարկետինգի տնօրեն Անի Աղաջանյանը ներկայացրել է արևային էներգետիկայի հայաստանյան և միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև արևային էներգիայի հնարավորությունները արցախյան գործարարներին և քննարկել Արցախում ոլորտի զարգացման վերաբերյալ գործնական խնդիրներ:

Համաժողովի վերջում ներկաներն առաջադրել են իրենց հարցերը: Միջոցառմանը ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պետական այլ այրեր, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր: