Ինչ-որ մարդիկ ֆեյսբուքում խոսքեր են գրում ու տպավորություն ստեղծում, թե Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև խնդիր կա

Ազգային երկպառակտում քարոզողները պետք է պատժվեն օրենքով

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ

-Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերություններում առկա լարվածության մասին խոսակցությունները չեն դադարում։ Ի դեպ հիշենք, որ հայկական երկու հատվածների միջև նման լարվածություն ստեղծվեց դեռևս Լևոն ՏերՊետրոսյանի իշխանության տարիներին։ Պատճառը նաև հետևյալն էր՝ Արցախի ղեկավարությունը, հրամանատարական կազմը մտածում էին՝ ստեղծվել է հնարավորություն թշնամուց ազատագրելու մեր պատմական հողերը, մինչդեռ առաջին նախագահը հաճախ էր ընդդիմանում նրանց։ Բայց այսօրվա լարվածության պատճառը, ըստ ձեզ, ի՞նչը կարող է լինել։

-Կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին այլ իրավիճակ էր, ինչի արդյունքում Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Այն ժամանակ կար լուրջ տարաձայնություն ոչ միայն Արցախի ու Հայաստանի նախագահների միջև, այլև հենց ՀՀ կառավարության ներսում՝ անդամների ու առաջին նախագահի միջև։ Այդ հակասությունների հիմքում ընկած էր արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսլականի տարբերությունը։

Իսկ այսօր այլ իրավիճակ է․ ասել, թե կա լարվածություն երկու հայկական պետությունների միջև՝ դա անթույլատրելի է, ինչպես նաև անթույլատրելի են նման խոսակցությունները։

Այնպես է ստացվել, որ ունենք երկու պետություն, բայց չպետք է մոռանալ, որ մենք ունենք մեկ հայրենիք։ Մեր հայրենիքի երկու հատվածները պարտավոր են միմյանց հետ նորմալ հարաբերություններ պահպանել, սա անձնական քմահաճույքների խնդիր չէ։ Միասնությունն այսօրվա հրամայականն է։

Մեր հայրենիքը՝ հայոց պետականությունը, այսօր կանգնած է տարբեր մարտահրավերների առաջ, ու բոլորիս պարտքն է՝ լինել միասնական։

-Հայաստանյան քաղաքական շրջանակներն արձանագրում են հետևյալը, թե Փաշինյանը Արցախում փակ շրջանակներում իր մոտեցումներն է ներկայացրել, ինչը կա՛մ ճիշտ չի ընկալվել, քանի որ անորոշ են եղել ձևակերպումները, կա՛մ ներկայացվել է այնպիսի դիրքորոշում, որը մերժելի է եղել Արցախի կողմից, օրինակ, ազատագրված տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Չէ, նման առաջարկ չի հնչել, ոչ էլ կարող է հնչել։ Առհասարակ, այդպիսի բան հնարավոր չէ։ Համանախագահներն էլ չունեն այդպիսի մոտեցումներ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժողովուրդն է, ի վերջո, որոշողը։ Սա նշանակում է՝ այլ, պարտադրված որոշում չի կարող լինել։ Համանախագահներն էլ են նշում, որ իրենք դատավորներ չեն, այսինքն, որևէ պարտադրանք, որևէ կողմից չի կարող լինել Արցախին։

-Այնուհանդերձ, մտահոգիչ էր Փաշինյանի հայտարարությունը, թե ինքն Արցախում՝ փակ շրջանակում խոսել, ներկայացրել է իր տեսլականը, իր հետ համաձայնել են, իսկ հետո օգնականներին թույլ տվել, որպեսզի ֆեյսբուքում գրեն, թե ՀՀ իշխանությունը հողերը ծախում է։ Ֆեյսբուքյան ինչ-որ գրառումներ Փաշինյանին իրավունք տվեցին շրջանառել «դավադիրների տեսությունը», ինչից էլ սկսվեց լարվածությունը։

-Այսպես պատասխանեմ ձեր հարցին․առհասարակ պետք է անել ամեն ինչ, որպեսզի ամուր լինի մեր հայկական համախմբվածությունը, միասնականությունը։ Այստեղ առանձնակի կարևորություն ունի Արցախը։

Արցախը խորհրդանշում է մեր հաղթանակները, մեր միասնականությունը, մեր իդեալները, ու, հատկապես, Արցախից եկող ցանկացած ազդակ միմիայն պետք է այս ուղղությամբ հնչեցվի, նույնը նաև պետք է հնչի Հայաստանից ու Սփյուռքից։

Կարող են լինել տարբեր կարծիքներ, ամեն մեկն իր ձևով է ներկայացնում իր դիրքորոշումը, մեկը դա անում է զուսպ, մյուսը, ցավոք, ոչ պարկեշտ ձևով, բայց պետական կառույցներում պարտավոր են բոլորը պահպանել ազգային գաղափարախոսությունը, մեր համազգային տեսլականի հարցում բոլորս պետք է լինենք միասնական։ Հայոց պետականության ամրության պահպանման հիմքը մեր միասնականությունն է։ Որևէ անձնական վիրավորանք՝ ուղղված մեկմեկու, ճիշտ չէ, անկախ նրանից, թե դա որտեղի՞ց է հնչում՝ Արցախից, Հայաստանից, թե Սփյուռքից։ Ես չեմ ընդունում, երբ տարբեր մարդիկ «ֆեյսբուքներում» ինչ-որ անընդունելի մտքեր են արտահայտում, մեկմեկու հանդեպ վիրավորանքներ, մեղադրանքներ ուղղում, առավելևս դրանք անթույլատրելի են պետական կառույցներ ներկայացնողներին։ Սակայն ստացվում է, որ նրանք սոցիալական ցանցերում ներկայացնում են իրենց անձնական մոտեցումները ու դա հրամցնում այնպես, իբրև թե, իրենց հետևում կանգնած է պետությունը, բայց նման բան չի կարող լինել։ Սա է խնդիրը։ Բոլորս պետք է լինենք չափազանց զգուշավոր։ Մեր ներքին լարվածությունից ադրբեջանցիներն ու թուրքերն են հրճվում։

-Ադրբեջանական մամուլը լցված է՝«Արցախն ու Հայաստանը հակամարտում են» վերտառությամբ հոդվածներով․․․

-Դա անթույլատրելի է, նման բան չկա, այս ամենի հետևում ընդամենը սուբյեկտիվիզմ կա, դա պետությունների, իշխանությունների հետ ոչ մի առնչություն չունի։ Ինչ-որ մարդիկ ինչ-որ խոսքեր են գրում ու տպավորություն ստեղծում, թե Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև խնդիր կա, նրանց նպատակը մեր միասնականությունը խաթարելն է։ Այն մարդիկ, ովքեր զբաղեցնում են պետական պաշտոններ, իրենց առաջ պետք է այս հրամայականն ունենան՝ որևէ մեկն իրավունք չունի երկպառակտիչ գործունեություն իրականացնել։

Ես, իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ, հայտարարել եմ, որ հայաստանցի-ղարաբաղցի արհեստական բաժանումն անթույլատրելի է։

-Բայց չէ՞ որ դա սկսվեց Հայաստանից։

-Հայաստանում էլ կան նման շիզոֆրենիկներ, որոնք կարող են իրենց նման բան թույլ տալ, Արցախում ևս կան այդպիսիք, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են լարվածությանը։ Եվ ես հայտարարում եմ, որ դա ուղղակի անթույլատրելի է։ Ես առաջարկել եմ, որպեսզի Արցախում Մայր Հայաստանի մեր քույրերի ու եղբայրների հասցեին չօգտագործվի «հայաստանցի» բառը, մենք բոլորս ենք հայաստանցի։

Սա շատ նուրբ թեմա է, ու չի կարելի դարձնել շահարկումների առարկա։ Պետք է գիտակցենք, որ այն շրջանառության մեջ է դրել Ադրբեջանը 1920-ական թվականերին;

-Այո, և նպատակը հայկական երեք հատվածների միջև սեպ խրելն էր, որ չկայանա Նախիջևանի, Արցախի միացումը Մայր Հայաստանին։ Բայց նաև պետք է նկատենք, որ այդ արհեստական տարանջատումը սկսեց հենց Նիկոլ Փաշինյանը՝ դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարելով, թե «Նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել»։ Իսկ հիմա խոսեց Արցախում ինչ-որ դավադիր ուժերի մասին։

-Ով ուզում է լինի՝ պետք է բոլորս շատ զգույշ լինենք այս հարցում։ Եթե կան դավադիրներ, և չի բացառվում, որ կան այդպիսիք, մենք պետք է իմանանք՝ ովքե՞ր են նրանք։ Իսկ դավադրություն ասվածը ես ավելի լայն իմաստով եմ հասկանում․ կան մարդիկ, որոնք Ֆեյսբուքում գրառումներ են անում՝«ղարաբաղցիները թուրքեր են» կամ գրում են հակառակը, թե «իսկական հայերը ղարաբաղցիներն են»։ Եվ մեկը, և մյուսը տանում է պառակտման։ Ուրեմն ի՞նչ է սա, եթե ոչ դավադրություն։ Միակողմանի դիրք գրավել և ասել, թե ամեն ինչ գալիս է Հայաստանից կամ պնդել, թե գալիս է միայն Արցախից՝ ճիշտ չէ։

-Իսկ չե՞ք կարծում, որ այն, ինչ հրապարակ բերեց Փաշինյանը, պետք է քննարկվեր փակ դռների հետևում ու չդառնար հրապարակային քննարկման առարկա։

-Ասել եմ ու կրկնում եմ, մեր միասնակնությունը պետք է պահպանենք։ Դրա համար պետք է աշխատենք պառակտիչ գաղափարների դեմ։ Կարծում եմ՝ ներքին պառակտումներին վերջ տալու համար պետք է աշխատենք դեռևս մանկապարտեզից, հասնենք դպրոց ու համալսարան, պետք է ակտիվ գործեն մեր լրատվամիջոցները։ Ժամանակն է, որ պետությունը խիստ վերաբեմունք ցուցաբերի պառակտիչ հայտարարություններ հնչեցնողների նկատմամբ, նմանները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքով։ Եվ ես կոչ եմ անում մեր իրավաբաններին, օրենսդիրներին աշխատել նման օրենքի ստեղծման ուղղությամբ՝ ազգային երկպառակտում քարոզողները պետք է պատժվեն։

-«Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Փաշինյանը խոսելով Արցախի գործող և նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մասին, շեշտեց, թե Արցախի գործող նախագահն այդ կերպ միջամտեց դատական գործընթացին, ապա հավելեց «Ինչպե՞ս կարող ենք այս պայմաններում խոսել օբյեկտիվ դատավարության մասին»։ Փաստորեն, սրանով Փաշինյանը հաստատեց, որ ներկայացված միջնորդությունն է պատճառը՝ Արցախում դավադիրներ փնտրելու, ՀՀ-ի ու Արցախի իշխանությունների միջև լարվածություն ստեղծելու։

-Նախ ասեմ, որ մեր միջև կա հնուց եկող պայմանավորվածություն՝ Արցախի Հանրապետությունը չի միջամտում Հայաստանի ներքին կյանքին, ու հակառակը։ Ինչ վերաբերում է Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությանը, այդ մասին խոսել է Բակո Սահակյանը՝ մի քանի անգամ, նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։ Կան տեսանյութեր, որոնցում նա շատ հստակ պարզաբանում է, որ իր քայլը զուտ մարդասիրական մոտեցում էր և ոչ թե քաղաքական։ Հետևաբար ես նոր մեկնաբանություն տալ չեմ կարող։

Կարծում եմ, որ հայկական երկու հատվածների միջև առկա բոլոր խնդիրներն անպայմանորեն կհարթվեն, մեր միասնականությունը ժամանակի հրամայականն է։ Երկու իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի այդ միասնականությունը պահպանվի։ Մենք կիսելու բան չունենք՝ բացի մեր ճակատագրից, մեր նպատակը մեկն է՝ միասնական հայրենիք ունենալ ու այն զորացնել։

-Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, Ադրբեջանը դեմ լինելով՝ հակադրեց իրենը՝ պետք է մասնակցի նաև, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքը։ Այս հանգամանքը Փաշինյանը, («Շանթի» հարցազրույցում) այսպես մեկնաբանեց Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները այժմ էլ մասնակցում են բանակցություներին, որովհետև լինելով Ադրբեջանի քաղաքացիներ՝ նրանք մասնակցում են ընտրություններին ու նախագահ են ընտրել Ալիևին, որը պետք է ներկայացնի նրանց տեսակետը բանակցություններում։ Հետևաբար, ըստ ՀՀ վարչապետի«Մեզ համար տարբերություն չկա, թե ի՞նչ կազմով կգա ադրբեջանական պատվիրակությունը բանակցություններին»։ Ձեր կարծիքը այս մեկնաբանության մասին։

-Այն, որ նրանք դարձել են Ադրբեջանի քաղաքացիներ, արդեն իսկ վկայում է, որ նրանք չեն կարող լինել որպես բանակցությունների կողմ, որովհետև կա երեք կողմ՝ ինչի մասին ամրագրված է միջազգային փաստաթղթերում։ Սա փաստում է, որ ադրբեջանական համայնք՝ որպես այդպիսին, գոյություն չունի, նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են և կազմել են ինչ-որ հասարակական կազմակերպություն, որը պետական կառույցի կարգավիճակ չունի։ Եթե ուզում են բանակցությունների մեջ ներգրավել այդ հկ-ին, նույն տրամաբանությամբ կարող են այդ կազմում ներգրավել նաև վերլուծական կենտրոնների։ Թող բերեն, բայց չեն կարող որպես կողմ ներկայացնել, Արցախն ու Հայաստանը դրան կտրականապես դեմ են։

Այդ համայնք կոչվածը Ադրբեջանն է ստեղծել, որպեսզի բանակցային գործընթացի համար լուրջ խնդիրներ լինեն։ Մենք թույլ չենք տա՝ ինչ-որ հասարակական կազմակերպություն ներկայանա իբրև պետական կազմավորմանը հավասարազոր սուբյեկտ։ Դա հնարավոր չէ, Արցախը դրան մշտապես դեմ է լինելու

 -Վերջերս Սանկտ Պետերբուրգում Փաշինյանը հայտարարեց՝ նման վեճերից խուսափելու համար, թե ո՞վ, ե՞րբ և ո՞ւմ է կրակել, անհրաժեշտ է քննարկել այն համաձայնությունները, որ ձեռք էին բերվել դեռ 2016-ին Վիեննայում, ապա հավելեց«Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են ստեղծել հետաքննական մեխանիզմներ հակամարտության գոտում»։ Սա նշանակո՞ւմ է, որ Փաշինյանը, որն իշխանության գալով՝ մերժեց նախկինների այդ կարևոր ձեռքբերումը, այժմ՝ մեկ տարի անց, գիտակցել է ու փորձում է սրբագրել իր սխալը։

-Գիտեք, կան փաստաթղթեր, որոնք ստորագրվում են պետությունների կողմից ու անկախ նրանից, թե ինչպիսի՞ ներքաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, եթե երկիրը չի հրաժարվում դրանցից, ուրեմն, այդ փաստաթղթերը միշտ կան օրակարգում։

Նկատեմ նաև, որ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի փաստաթղթերից պաշտոնական Երևանը երբևէ չի հրաժարվել։ Իսկ այն, որ դրանք կյանքի չեն կոչվում, դրանում մեղավորը Ադրբեջանն է, նրա ռազմատենչ քաղաքականությունը։ Այնպես որ, այդ փաստաթղթերը չեն կորցրել իրենց արդիականությունը և վաղ, թե ուշ դրանց վերադարձը լինելու է։

Արմինե Սիմոնյան