Ուռճացված գործուղումներ, ոչ պատշաճ զեկուցումներ․ Ցոլակյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել

Հունիսի 14-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարն անդրադարձել է մի շարք խնդիրների և տվել հանձնարարականներ: Առաջին հարցը, որի վրա ուշադրություն է հրավիրել Ֆ. Ցոլակյանը, վերաբերում էր հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակին: Նախարարը նշել է, որ հունիսի վիճակագրությամբ հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 13-14 անգամ, և հանձնարարել է ուժեղացված ու օպերատիվ ռեժիմով հսկողության տակ պահել իրավիճակը:

Հաջորդ հարցը ԱԻՆ ՓԾ տարածքային կառույցների կողմից մարզերում գրանցված կարկուտի մասին ոչ պատշաճ զեկուցման մասին էր: Գերատեսչության ղեկավարը մարզային ստորաբաժանումների ղեկավարներին խստագույնս հանձնարարել է մշտապես կապ պահպանել տեղական ինքնակառավարման մարմինների, այլ շահառու կառույցների հետ և պարբերաբար զեկուցել, թե որ համայնքներն են տուժում կարկուտից:

Նախարարն անդրադարձել է նաև գործուղումների խնդրին՝ նշելով, որ դրանք երբեմն բավական ուռճացված են և անտեղի, ու շեշտել, որ այսուհետև դրանք կիրականացվեն խիստ հսկողության ներքո:

ՄՓՎ-ի պետերին Ֆ. Ցոլակյանը հանձնարարել է ուսումնասիրել և մինչև հուլիս զեկուցել մարզում առկա ոլորտին առնչվող խախտումների և ապօրինությունների վերաբերյալ:

Նախորդ շաբաթ Գեղարքունիք կատարած այցի շրջանակներում նախարարը հանձնարարել էր ուժեղացված ռեժիմ սահմանել Սևանա լճի հանգստյան գոտիների լողափերում՝ կապված զբոսաշրջիկների սպասվող մեծ հոսքի հետ: Նախարարը նշել է, որ Սևանա լիճը ԱՊՀ երկրներում ամառային հանգստի համար հանրաճանաչ հանգստավայրերի հնգյակում է ընդգրկվել, ուստի սպասվում է զբոսաշրջիկների մեծ ներհոսք, և անհրաժեշտ է ուժեղացված ծառայությամբ ապահովել մարդկանց անվտանգությունը:

Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարել է դրսևորել առավելագույն կարգապահություն, քանզի փրկարարությունն անկարգապահություն չի հանդուրժում: