Այսօր Ակսել Բակունցի 120-ամյակն է

«Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով: Դա Ակսել Բակունցն է: Նա մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է: Նրա ստեղծագործությունների վրա անհատական կնիք է դրված`այնքան թարմ են, այնպես նուրբ են հյուսված այս պատմվածքները…այնպես նուրբ, կարծես հեքիաթ են, կարծես երազ ես տեսնում, այնպես կախարդորեն սուզվում են իրար մեջ անցյալն ու ներկան, որ հուշը դառնում է ներկա և իրական, ներկան դառնում է երազ… Ավ. Իսահակյան

Գրող, կինոդրամատուրգ, բանասեր և թարգմանիչ հայ դասական պատմվածքի և վիպակի խոշոր ներկայացուցիչ Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ» համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:

1917-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1923-ին՝ Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը:

1918 թ․ կամավորական խմբերի կազմում մասնակցել է Էրզրումի, Կարսի կռիվներին, ապա`Սարդարապատի հերոսամարտին:

1924–26 թթ․ հայրենի լեռնաշխարհում աշխատել է որպես գյուղատնտես: Այդ տարիներին Երևանի և Թիֆլիսի թերթերում ու ամսագրերում տպագրել է պատմվածքներ, ակնարկներ և զրույցներ: Նրան ճանաչում բերեց «Մթնաձոր» (1927 թ.) պատմվածքների ժողովածուն, որտեղ պատկերել է հայրենի բնությունը, հայ գյուղաշխարհի իրական կյանքը։

Գյուղի թեման է շոշափում նաև «Սև ցելերի սերմնացանը» (1933 թ.) պատմվածքների ժողովածուում: Այս երկու ժողովածուների մեջ են ամփոփված «Ալպիական մանուշակ», «Լառ Մարգար», «Միրհավ», «Խոնարհ աղջիկը», «Մթնաձորի չարքը», «Բրուտի տղան», «Ծիրանի փողը», «Սպիտակ ձին», «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքները։

Բակունցը գրել է նաև գավառական քաղաքի կյանքն ու կենցաղը պատկերող «Կյորես» երգիծական վիպակը, «Խաչատուր Աբովյան», «Կարմրաքար» անավարտ վեպերը, կինոսցենարներ, բանասիրական աշխատություններ: Նա թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», աշխարհաբարի վերածել «Աղվեսագիրք» հավաքածուն: Բակունցի սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Սև թևի տակ» (1930 թ.), «Արևի զավակը» (1933 թ.), «Զանգեզուր» (1938 թ.), իսկ նրա մի քանի պատմվածքների հիման վրա՝ «Լուսաբացից առաջ» (1961թ.) և «Այս կանաչ, կարմիր աշխարհը» (1975 թ.) կինոնկարները:

Բակունցի անունով են կոչվել փողոցներ և դպրոցներ Երևանում ու հանրապետության այլ քաղաքներում, մանկավարժական քոլեջ` Երևանում, 1970-ից Գորիսում գործում է  նրա տուն-թանգարանը:

Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին՝ դառնալով ստալինյան ռեպրեսիայի զոհերից։