Տեսնում ենք, որ, ի տարբերություն Բակո Սահակյանի, Նիկոլ Փաշինյանի գլուխն, ըստ երևույթին, չերվոն ոսկուց է (տեսանյութ)

Եվ ազգային հարստություն, որի մասին անգամ հիպոթետիկ, ապագայում որպես ինչ-որ սցենար, ոտնձգություն նկարագրելը ծանրագույն հանցագործություն է, որի համար պետք է մարդկանց ձեռնաշղթաներով այդպես բռնել, տանել ու ահաբեկել… LIVEnews.am կայքի հետ զրույցում այս մասին ասաց «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Blognews.am կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Ըստ նրա, «Ադեկվատ» շարժման նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նպատակ ունենալով լռեցնել և ահաբեկել: Միաժամանակ հասկանում են, որ ոստիկանական համակարգն այս վիճակին հասցնելու պատասխանատուները վերևում են նստած:

«Եթե մեր իրավական համակարգը չի գործում ընդհանրապես, կամ գործում է միայն Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով, ուրեմն դա նշանակում է, որ երկրում ստեղծվում է իրավական վակուում,- ասաց Կոնստանտին Տեր-Նակալյանը։- նման պարագայում չեն կարող լինել արդարություն, արդարադատություն ու նորմալ հասարակական կարգ։ Դա էլ, իր հերթին, նշանակում է, որ, ըստ էության, կոչ է արվում ու հասկացնել է տրվում մարդկանց, որ մեր պաշտպանությունը, մեր անվտանգությունը մեր իսկ հոգսն է, մենք պետք է ինքնակազմակերպվենք և իրացնենք ինչպես մեր ինքնապաշտպանությունը, այնպես էլ արդարադատությունը, եթե տեսնում ենք, որ իրավական համակարգը՝ ոստիկանությունից մինչև դատարաններ, պայմանավորված է միայն ու միայն մեկ մարդու քմահաճույքներով»։

Իրոք, Հայաստանում ոստիկանությունը, ցավոք, վերածվել է քաղաքական պատվեր կատարող և քաղաքական ընդդիմության նկատմամբ հաշվեհարդարի գործիքի, հստակ ուրվագծվում է քաղաքական միտումը, որը որևէ աղերս չունի իրավակարգի ապահովման կամ պահպանման հետ։ Այս իրավիճակի մեղավորները թող իմանան, որ, ուշ թե շուտ, պատասխան են տալու, կյանքը կարուսել է, թող նախորդների, նախորդների հետ կատարվածն էլ հիշեն։ Փաշինյանի իշխանությունն այսօր փորձում է հասարակությանը, նույնիսկ իշխանության թևերից մեկին՝ դատական իշխանությանը, հասկացնել՝ մեր դեմ խաղ չկա, իշխանությունը մենք գրավել ենք, բռնազավթել ենք, մնացել է դատականը, դրա հարցն էլ կլուծենք։ Իսկ այս «բեսպրեդելը» «բեսպրեդել» չի՞ ծնելու…

«Դրա ռիսկը, իհարկե կա, ոչ թե «բեսպրեդելը» «բեսպրեդել» է ծնելու, այլ հասարակության ատոմիզացիան (այդ բաժանարարությունը, երբ որ իրար ատող խմբերի է բաժանվում հասարակությունը) անխուսափելիորեն հասնելու է մի կետի, և անխուսափելի են լինելու, եթե այս ընթացքը չկասեցվի, ընդհուպ մինչև քաղաքացիական բախումները՝ ուժի կիրառությամբ, գուցե նաև զենքի կիրառությամբ,- ասաց մեր զրուցակիցը։- Դրա համար էլ հիմա Նիկոլը փորձում է չարագործների ուրվագծել, որովհետև իր համար էլ է ակնհայտ դարձել, որ, որպես խրտվիլակ, ՀՀԿ-ին ու նախկիններին օգտագործելն իր օգտավետության ռեսուրսն արդեն սպառել է, պետք է նոր բոբո, որ մատով ցույց, տա, ասի՝ այ, տեսեք, այս չարերը կգան, բան կանեն, դրա համար ինձ՝ լուսավորիս, պահեք, ինքն արհեստականորեն թեժացնում է այդ ներհասարակական բաժանարար գծերը…»։

Եթե այդ քաղաքացիական բախումը լինի, դա Հայաստանի ազգային անվտանգության հիմքերին, մեր երկրի պաշտպանունակությանն ուղղված նպատակաուղղված հարված չի՞ լինի։

«Իհարկե, ասեմ ավելին՝ ոչ մի երկիր չի կարող ամուր, կուռ, պաշտպանունակ անվտանգության համակարգ ունենալ, եթե թիկունքում իրար են տալիս,- ասաց «Ադեկվատ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամը։- Եվ եթե վաղը, մյուս օրը պարզվի, որ Նիկոլն ու իր թիմն այս ամեն ինչն արել են դիտավորությամբ, արդեն այստեղ խոսքը գնալու է նրանց պատասխանատվության ենթարկելու ոչ միայն սահմանադրական կարգի տապալման հոդվածով, այլև պետական դավաճանության, որովհետև եթե գործող իշխանությունը դիտավորությամբ ներհասարակական պառակտումներ է ստեղծում և այդ ատոմիզացիան խրախուսում է, դա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արթուր Հովհաննիսյան