Մ․ Գրիգորյանը և Պ․Սվիտալսկին մտքեր են փոխանակել ՀՀ զարգացման ռազմավարության մշակման գործընթացում ԵՄ հետ համագործակցության շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմին Հայաստանին աջակցելու և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ Կառավարության հետ արդյունավետ համագործակցություն ձևավորելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտային ռազմավարությունների և ընդհանուր Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման գործընթացում ԵՄ հետ համագործակցության շուրջ: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում մշակել որակյալ և իրական ռազմավարական փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա մարտահրավերները բացահայտելու և Հայաստանի զարգացման տեսալականը ներկայացնելու համար:

Երկուստեք կարևորվել է բաց ու կառուցողական մթնոլորտում ներդաշնակ և համակարգված ռազմավարական փաստաթուղթ մշակելու և հետագայում այն իրականացնելու անհրաժեշտությունը: Փոխվարչապետը խոսել է գործընթացի բարդությունների և դրանք հաղթահարելու Կառավարության պատրաստակամության մասին՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ի փորձագիտական ներուժը կնպաստի այս գործընթացի արդյունավետ իրականացմանը: