Դատարանները վատ են աշխատում, որովհետև վատ են աշխատում բանկային, ոստիկանական, առողջապահական և այլ համակարգերը (տեսանյութ)

Փաստաբան, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գեորգի Աղաջանյանը LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարում խոսեց Հայաստանի դատարաններում առկա խնդիրների և դատական համակարգի վերաբերյալ հասարակության կարծիքի մասին՝ նշելով, որ իշխանությունները դատական համակարգի բարեփոխման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ պետք է հետաքրքրվեն հասարակությունից, թե ինչ սպասումներ կա դատական համակարգից, որքանո՞վ են արդարացված հասարակության դժգոհությունները և նոր միայն հայտարարեն այս կամ այն խնդրի առկայության և դրա լուծման անհրաժեշտություն մասին։

Ըստ փաստաբանի՝ դատական համակարգի լրջագույն խնդիրների մեկը դատավորների ծանրաբեռնվածությունն է, ինչը թույլ չի տալիս բոլոր գործերը խորքային ու հանգամանալի ուսումնասիրել, և շատ դեպքերում մեխանիկական աշխատանք է իրականացվում։ Իսկ որպեսզի այդ խնդիրը վերացվի, նրա հավաստմամբ, պետք է բարեփոխվեն բոլոր համակարգերը՝ բանկային, ոստիկանական, առողջապահական և այլն, որոնցում անբարեխիղճ աշխատանքի, օրենքներ խախտելու հետևանքով վեճեր են առաջանում, և այդ վեճերն անմիջապես հայտնվում են դատարաններում։

Գեորգի Աղաջանյանը խոսեց նաև անցումային արդարադատության համակարգի մասին՝ զարմանալով, որ կառավարությունում, Ազգային ժողովում գաղափար չունեն այդ համակարգը ներդնելու մեխանիզմների, գործիքակազմերի մասին, սակայն այդ թեմայով քննարկումներ են ծավալում և խոսում անցումային արդարադատությունը հապշտապ կյանքի կոչելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում