Ղազախստանի դեսպանությունը մեր երկրում նախատեսել է հիմնել հյուպատոսություններ

ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հունիսի 11-ին հանդիպել են Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ: Ինչպես տեղեկացրել է ԱԺ լրատվական ծառայությունը, բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ընդգծել է երկկողմ հարաբերությունների հետևողական ամրապնդման կարևորությունը և միջխորհրդարանական դիվանագիտության դերն այդ գործընթացում:

2019 թվականի մայիսին ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խումբն աշխատանքային այցով Նուր Սուլթանում էր: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և արդյունավետ աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու համար, Վաղարշակ Հարությունյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին նախատեսվում է Ղազախստանի խորհրդարանական բարեկամական խմբի այցը Հայաստան: Նրա խոսքով`Ղազախստանի դեսպանությունը մեր երկրում  նախատեսել է հիմնել հյուպատոսություններ. ըստ ձեռք  բերված նախնական  պայմանավորվածությունների`դրանք կբացվեն Վայոց Ձորի և Կոտայքի մարզերում:

Արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա հարաբերությունները, վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Դեսպանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հունիսի 10-ին  կազմակերպված խորհրդարանական լսումներին և բարձր  գնահատել ԵԱՏՄ խնդիրների ու ներուժի բացահայտմանը նվիրված քննարկումները:

Թիմուր Ուրազաևը հայ խորհրդարանականներին ներկայացրել է մանրամասներ Ղազախստանում անցկացված նախագահական ընտրություններից: Նա շնորհակալություն է հայտնել ընտրություններին մասնակցող Հայաստանը ներկայացնող դիտորդական խմբի անդամներին և զանգվածային լրատվամիջոցներին՝ արդյունավետ աշխատանք ծավալելու համար: