Բժշկական համալսարանում բարձր պաշտոնյաներն ստացել են հաստիքայինին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացմամբ, ավարտվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։

Համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։

Բացի դրանից, ձեռք է բերվել 222.0 մլն արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ գույքը համալսարանի հետ առընչություն չունեցող անձանց կողմից օգտագործվել է առևտրային նպատակով։

Հատկանշական է այն հանգամանքը, որ համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Հետևյալ համատեքստում ամենաբարձր լրացուցիչ միջին ամսական աշխատավարձերը կազմել են 5,1 մլն, 3,8 մլն և 3,3 մլն դրամ։

Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։