Մովսես Աբելյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մովսես Աբելյանին նշանակել է Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ: Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։  Մովսես Աբելյանը կփոխարինի Քեթրին Փոլարդին, որը նշանակվել է կառավարման ռազմավարության, քաղաքականության հարցերով Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում:

Մովսես Աբելյանը կրթություն է ստացել Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Մինչ դիվանագիտական ծառայությանն անցնելը, Մովսես Աբելյանը դասախոսել է Երևանի պետական համալսարանում։

1992-ին աշխատանքի է անցել անկախ Հայաստանի Արտաքին գործերի նախարարության համակարգում: 1996-ից Մովսես Աբելյանը հանդիսացել է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ, իսկ 1998-2003 թթ․՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 2003-ից ի վեր տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ի համակարգում:

Մովսես Աբելյանն ունի խաղաղության, անվտանգության, հակամարտությունների կարգավորման բնագավառներում գործունեության 25-ամյա փորձ, ղեկավարել է Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և ծրագրերի ու հիմնադրամների Գործադիր խորհուրդների շրջանակներում մի շարք գործընթացներ:

Կառավարման ոլորտում ունի մեծ փորձ, ներառյալ ծրագրերի և բյուջեի պլանավորման: Նախկինում զբաղեցրել  է Գլխավոր ասամբլեայի Վարչական ու բյուջետային հարցերով կոմիտեի (5-րդ կոմիտե) և Ծրագրերի ու համակարգման հարցերով կոմիտեի քարտուղարի պաշտոնները։

2016թ․նշանակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման վարչության հարցերով գլխավոր քարտուղարի փոխտեղակալ: Իսկ ավելի վաղ նա զբաղեցնում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարցերով բաժանմունքի տնօրենի պաշտոնը: