Վարչապետի աշխատակազմը տնտեսել է մոտ 643,6 մլն դրամ

ՀՀ վարչապետի աշխատակազմը 2018-ին պետբյուջեով իրեն հատկացված 4 մլրդ 374 մլն 835 հազար դրամից ծախսել է ընդամենը 3 մլրդ 731 մլն 238 հազար դրամը: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս՝ այս մասին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի 2018-ի բյուջեն ձևավորվել է կառավարության և նախագահի աշխատակազմերի միաձուլման արդյունքում: Ճշտված բյուջեն կազմել է 4 մլրդ 374 մլն 835 հազար դրամ, իսկ փաստացի ծախսը 3 մլրդ 731 մլն 238 հազար դրամ: Աշխատակազմի պահպանման ծախսերի տնտեսումը կազմել է 643 մլն 597 հազար դրամ: 2018-ի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի ծրագրերի կատարման պլանը կազմել է 86,1 տոկոս: Ծախսերն ավելացել են հիմնականում աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների, վարձակալության, արտասահմանյան գործուղումների գծով, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգումների և այլ ծախսերի համար, ինչպես նաև ՀՀ նախագահի աշխատակազմից տեղափոխված Կոնդի առանձնատների տնտեսության ՊՈԱԿ-ի համար նախատեսված սուբսիդիայի գումարի շրջանակներում»,-ներկայացրել է Աղաջանյանը:

Ավելացել է նաև Կարողությունների զարգացում ծրագրի ծախսը: Պլանը տարեսկզբին կազմել է 3 մլն դրամ, իսկ ճշտված պլանը միաձուլումից հետո 160 մլն դրամ: Եվ տարեվերջին դրամարկղային ծախսը կազմել է 102 մլն դրամ: «Տարբերությունը մեծապես պայմանավորված է, որ 45 մլն դրամը նախատեսված է եղել ավտոմեքենաների ձեռքբերման համար, որը համարել ենք ոչ նպատակահարմար և այդ գումարն ուղղել ենք այլ ծրագրերի իրականացման համար»,- նշել է աշխատակազմի ղեկավարը:

2018-ի պետական բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակում առաջացել են տնտեսումներ, որոնց գերակշիռ մասը դրամաշնորհային և վարկային ծրագրերից են: Տնտեսումները առաջացել են մրցույթների արդյունքում խնայողություններից, որոշ ծրագրերի կառավարման խորհրդի և աշխատանքային խմբի վերակազմավորման պատճառով ծրագրերի հաստատման, հետևաբար նախագծերի մշակման ուշացմամբ:

Նշված ծրագրերի աշխատանքների կատարումը ամբողջ ծավալով չի իրականացվել, և աշխատանքների մի մասը տեղափոխվել է 2019թ: