Չինաստանն ուզում է հակաահաբեկչական պայքարում համագործակցել Իրանի և Ռուսաստանի հետ

Ինչպես հաղորդել է Iran Today-News ինտերնետային կայքը, մայիսի 30-ին Իրաքի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Բաղդադում ռազմատեղեկատվական կենտրոնի թեմայով նախաձեռնած նիստի ընթացքում քննարկել են չորս երկրներում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ընթացիկ վիճակը և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ահաբեկչական խմբերի գործունեությունը: Ի դեպ, այդ նիստին իրանական պատվիրակությունը ներկայացնում էր Մոստաֆա Մորադյանը: Բաղդադի ռազմատեղեկատվական կենտրոնի ներկայիս ղեկավար, Իրաքի ռազմական հետախուզության ղեկավար Սաադ Մուզհեր Ալ Ալյաքը, հիշեցնելով, որ կենտրոնը հիմնադրվել է 2015 թվականին, հայտարարել է՝ Կենտրոնում Իրանի, Ռուսաստանի, Իրաքի և Սիրիայի համագործակցությունը մեծ ազդեցություն ունեցավ  Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» պարտության գործում:

Իրանի ռազմական հետախուզության ներկայացուցիչ պարոն Մորադյանն էլ շեշտել է, որ Իրաքում, իսկ որոշ դեպքերում Սիրիայում ԻՊ կարևոր ռազմավարական դիրքերի, «այլ թաքֆիրական ահաբեկիչների»  ոչնչացման նպատակով Իրաքի և Սիրիայի զորքերին տեղեկատվության փոխանցումը այս կենտրոնի կարևորագույն և ամենահաջող ձեռքբերումն է: Մորադյանը հայտնել է ցանկացած երկրի հետ Իրանի համագործակցության պատրաստակամության մասին՝ մինչև տարածաշրջանում ահաբեկչության արմատական ոչնչացումը։

Իհարկե, ոչ իրաքյան, ոչ էլ իրանական լրատվամիջոցները որևէ մանրամասն չեն հրապարակել Բաղդադի քննարկումների վերաբերյալ: Բայց ինչպես հաղորդում է իրանական Tasnim News գործակալությունը, արդեն հունիսի 3-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է. «Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը, որը վերջին ամիսների ընթացքում դարձել է հիմնական միջազգային մարտահրավերներից մեկը, կարող է հետևանքներ ունենալ, որոնք կարող են դուրս գալ այդ երկու երկրների երկկողմ հարաբերությունների սահմաններից և ազդեն աշխարհի ժողովուրդների զարգացման ու բարեկեցության վրա: Իրանը դատապարտում է ԱՄՆ այդ քաղաքականությունը՝ որպես տնտեսական ահաբեկչության օրինակ»:

Հիշեցնեմ, որ ավելի վաղ՝ այս տարվա մայիսին Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը «տնտեսական ահաբեկչություն» էին անվանում Թեհրանի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ սկսած ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիից:

Ինչպես հաղորդում է IRNA-ն, նույն օրը՝ հունիսի 3-ին, իրաքյան աղբյուրներից մեկը նշել է, որ Չինաստանը ցանկություն է հայտնել միանալ Բաղդադի ռազմատեղեկատվական կենտրոնին, ինչը «կարևոր քայլ է տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար»: Կենտրոնին միանալու Չինաստանի պատրաստակամության հարցը  բարձրացվել է մայիսի 30-ին կայացած հանդիպման ժամանակ և ողջունվել է կենտրոնի անդամների կողմից: Իրաքյան աղբյուրը նաև անդրադարձել է Կենտրոնին միանալու այլ երկրների կողմից ցուցաբերված հետաքրքրվածությանը՝ որպես Իրաքում և Սիրիայում անվտանգության ոլորտում Թեհրանի, Բաղդադի, Մոսկվայի և Դամասկոսի  համագործակցության արդյունավետության նշան, ինչպես նաև որպես այդ գործընկերային հարաբերությունների զարգացմանն քայլ՝ ուղղված աշխարհի բոլոր երկրների մասնակցությամբ բնիկ ժողովուրդների և տարածաշրջանի անվտանգության ապահովմանը։ Իրաքյան աղբյուրը ընդգծել է, որ ահաբեկիչների դեմ պայքարի ոլորտում համագործակցության զարգացման և ռազմական տեղեկատվական կենտրոնում նոր անդամների ներգրավման հարցերը ընդգրկված են Իրաքի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի ծրագրերում:

Այսպիսով, շուտով իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես և Անդրկովկասում, նույնիսկ Կենտրոնական Ասիայում և Աֆղանստանում, կտրուկ կփոխվի: Նույնիսկ եթե Բաղդադի կենտրոնին միանա միայն Չինաստանը, դա արդեն բացահայտ մարտահրավեր կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայություններին: 2014 թվականից Իրանը ԻՊ ահաբեկչական խմբավորումների ստեղծման գործում ամերիկացիների և իսրայելցիների, «Ալ Քաիդայի» խմբավորման ստեղծման գործում ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի անմիջական մասնակցության վերաբերյալ ապացույցներ ունի:

Երբ 2016 թվականին ի հայտ եկան տեղեկություններ, որ չինական հատուկ ջոկատը քողարկված մասնակցում է Սիրիայում «Խիզբ-ուտ-Թուրքեստանի» (Թուրքեստանի իսլամական կուսակցություն) խմբավորման գրոհայինների ոչնչացմանը, իսկ 2017թ. տեղեկություններ տարածվեցին չինական ռազմական նավերի՝ դեպի Սիրիայի ծովափ արշավանքի մասին, աշխարհը դրանք չնկատեց: Սակայն հիմա եթե Չինաստանը միանա Բաղդադի ռազմատեղեկատվական կենտրոնին, դժվար կլինի անտեսել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դաշինքը:

Սերգեյ Շաքարյանց