Արդարադատության համակարգը ճաքեր է տալիս, իսկ Փաշինյանը լռում է

Նիկոլ Փաշինյանի թիմում առկա լարվածության ու թևերի բաժանման մասին խոսակցությունները նոր բան չեն, պարզապես, դրանք գնալով ջրի երես են դուրս գալիս, քանզի ոլորտ առ ոլորտ արձանագրվում են Փաշինյանի ձախողումները:

Ցանկացած երկրի կայունության գրավականը նաև արդարադատության ամուր համակարգն է: Ու եթե համակարգը սկսում է ներսից ճաքեր տալ, կնշանակի՝ իշխանական բուրգում գործերը, մեղմ ասած` այնքան էլ լավ չեն:

Իսկ այն, որ արդարադատության համակարգում ստվերային գործընթացներ են ծավալվում ու ներսում փոթորիկներ են հասունանում, դրա մասին փաստում են նախանշանները` մեկը մյուսին հետևող հրաժարականները:

Ի դեպ, հեռանում են համակարգի հայտնի ֆիգուրները: Հրաժարականների շարքը նախ սկսվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանով, իսկ երեկ նրան միացան նաև ԲԴԽ անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի (ԲԴԽ) պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը, ապա լրատվամիջոցները «գուժեցին» Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականի լուրը:

Բնականաբար հարց է ծագում` ինչո՞ւ, որո՞նք են հեռացման պատճառները: Հարցեր, որոնց պատասխանները դեռ չկան:

Արտակ Զեյնալյանի, Գևորգ Դանիելյանի՝ ֆեյսբուքյան էջերով տարածած հրաժարականի տեքստերում ոչ մի հիշատակում չկա պատճառների մասին: Ձևակերպումները չափազանց զուսպ են. Զեյնալյանը շնորհակալություն է հայտնում այս պատմական ժամանակահատվածում իրեն տրված նախարարի մանդատի համար: Գևորգ Դանիելյանը տեղեկացնում է, որ հետայսու զբաղվելու է գիտական աշխատանքով, ու վերջ։

Երկուսն էլ պատճառների մասին լռում են: Ավելին, Գևորգ Դանիելյանն իր գրառման մեջ շեշտում է`պատրաստ չէ դրդապատճառների մասին խոսել. «Խնդրում եմ՝ նկատի ունենալ, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը, հասկանալի դրդապատճառներով, նպատակահարմար չեմ գտնում մասնակցել»…

Որքանո՞վ է ճիշտ առանց հանրությանն իրազեկելու` հեռանալը: Արտակ Զեյնալյանն ու Գևորգ Դանիելյանը շարքային քաղաքացիներ չեն, նրանք երկրի կարևորագույն ոլորտներից մեկը ներկայացնող պաշտոնյաներ են, ու եթե առավոտյան արթնանում և որոշում են հեռանալ պատասխանատու պաշտոնից` ուրեմն պարտավոր են պատճառների մասին բարձրաձայնել: Հակառակ դեպքում հանրությունը կարող է, չէ՞, ենթադրել, որ օրինակ՝ նրանց նկատմամբ ճնշումներ են եղել, նրանց պարտադրել են, նրանք վախեցած են, և այլն, և այլն:

Պատճառների մասին ծպտուն չեն հանում անգամ «իմքայլականները»: Չպատճառաբանված հրաժարականներն ընդամենը խորացնում են անորոշությունը, բազմաթիվ ենթադրությունների, կասկածների տեղիք տալիս: Հարց է ծագում` ժողովրդով իշխանության եկածները, «Նոր Հայաստան» հռչակածները ի՞նչ են թաքցնում ժողովրդից և ինչո՞ւ են թաքցնում:

Եթե այնուհանդերձ ընդունենք, որ արդարադատության նախարարն ու ԲԴԽ անդամը չեն ցանկացել անձամբ ներկայացնել իրենց հրաժարականի պատճառները, ապա դա պարտավոր է անել իշխանությունը: Ավելին` պարտավոր է անել անձամբ վարչապետ Փաշինյանը, որ սիրում է ամեն պատեհ, ոչ պատեհ առիթով ֆեյսբուքյան ուղիղ եթերներով կիսվել իր` «սիրելի ժողովուրդ ջանի» հետ: Ինչո՞ւ է ուրեմն այս անգամ հապաղում…

Համոզիչ փաստարկների կետ առ կետ հիշատակումը Փաշինյանի պարտականությունն է:

Իսկ մինչ այդ` անպատճառ հրաժարականները, ինչպես ասացինք, բազմաթիվ ենթադրությունների տեղիք են տալիս, որոնք ի դեպ, կարող են լինել և իրատեսական, և մտացածին:

Ի՞նչ են ենթադրում նման հրաժարականները:

Տեսեք, չնայած Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով հայտարարում է, թե ինքն ամենևին չի միջամտում դատարանների գործունեությանը, չի կատարում դատարանների անկախությունը խաթարող որևէ քայլ` ապօրինի հրահանգներ չի տալիս, սակայն համակարգում բոլորովին այլ կարծիք կա: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ներսում իրականում կա մեծ կաշկանդում, խառնաշփոթ: Ու դրա պատճառը հրապարակավ հնչած խոսքի և գործի ահռելի տարբերությունն է: Փաշինյանը մի կողմից հրապարակավ խոսում է արդար դատական համակարգի մասին, կոկորդը պատռելով հայտարարում, թե ինքը ոչ մի կերպ չի միջամտում համակարգի գործերին, բայց մյուս կողմից պարզվում է, զբաղված է սեփական խաղի կանոնները համակարգում հաստատելով, ինչը հիմնված է մենիշխնության վրա:

Վարչապետը հայտարարում է, թե մարիոնետների դատական համակարգ ունենք, որից պետք է ազատվել, բայց իրականում ինքն է այդ «թելերն» իր ձեռքը վերցնում: Ուրեմն տարբերությունը ո՞րն է ներկա ու նախկին խամաճիկների միջև:

Հիշենք, ԱԱԾ-ՀՔԾ պետերի գաղտնազերծված հեռախոսազրույցը․ այն հաստատեց մի բան, որ «Նոր Հայաստանում» շարունակվում են դատարաններին ուղղված ապօրինի հրահանգները:

Հիշենք նաև մեկ տարի առաջ հանրահավաքներում դատավորներին ուղղված Փաշինյանի կոչերը, մասնավորաբար հայտնի խոսքը` «խելքներդ գլուխներդ հավաքեք». Ի՞նչ է սա, եթե ոչ սպառնալիք դատավորների հասցեին:

Թեպետ ընդդիմադիր, հեղափոխական Փաշինյանը հրապարակավ ասում էր`«չպետք է տրվենք դատական իշխանության գործերին խառնվելու և միջամտելու գայթակղությանը», սակայն պարզվում է` վարչապետ Փաշինյանն անկարող եղավ զերծ մնալ գայթակղություններից:

Բարձրագույն դատական խորհուրդն անկախ մարմին է, այն, ըստ սահմանադրության, կոչված է ապահովել դատական համակարգի անկախությունը, ու եթե հրաժարականների շարքն սկսվում է հայտնի դեմքերից, կնշանակի` մարմինը հատնվել է հրահանգների, ուղղորդումների ճնշումների տակ: Տարիների վաստակ ունեցող փորձառու մասնագետներին մնում է կամ դառնալ գործադիրի ղեկավարի հրահանգների կատարածու, կամ հեռանալ: Ինչպես տեսանք, Գագիկ Հարությունյանն ու Գևորգ Դանիելյանն ընտրեցին երկրորդ` արժանապատիվ ճանապարհը:

Արդյոք սա չի՞ նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանվող խաղի կանոններն անընդունելի են ոլորտի արհեստավարժների համար: Պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է:

Բացի դրանից, համակարգի աշխատողների համար անհասկանալի է` անցումային արդարադատության և «վեթինգի» բովանդակությունը, նաև դրանց իրականացման ձևը: Արտակ Զեյնալյանի հեռացումը թույլ է տալիս ենթադրել, որ նա չկամեցավ ստանձնել պատասխանատվություն մի հարցում, ինչն իր համար հասկանալի չէ: Ի վերջո, Զեյնալյանի ուսերին էր մնալու խորհրդարանում, նաև հանրային հարթակներում այդ նախագծերը ներկայացնելու ծանր բեռը: Եվ վերջինս նախընտրեց սահուն հեռանալ:

Իսկ գուցե Զեյնալյանն ավելի ազնիվ կլիներ, եթե հրաժարական տար մայիսի 20-ին, երբ Փաշինյանը հրահանգեց ժողովրդին փակել դատարանների ելքերն ու մուտքերը, խափանել դատարանների բնականոն աշխատանքը: Համոզված ենք` Զեյնալյանի այդ պահի հրաժարականը կլիներ առավել արժանապատիվ:

Ինչևէ, արդարադատության համակարգի ճաքերը, որոնք ակնհայտորեն նկատելի են, ոչ միայն վկայում են ներկայիս իշխանության գլխին կուտակվող ամպերի մասին, այլև համակարգի սասանումը նախևառաջ վտանգ է մեր պետության համար, վտանգ այն մեծ «նավի» համար, որի վրա բոլորս ենք…

Արմինե Սիմոնյան