Աբովյանում հրկիզել են քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան և բնակարանի դուռը

Այսօր Աբովյանում հրկիզել են քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի շտաբի պետի ավտոմեքենան և բնակարանի դուռը, նրա որդին այրվածքներ է ստացել։

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկացել ենք ՀՀ ՔԿ ֆեյսբուքյան էջից, որտեղ մասնավորապես գրված է

«2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46-ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ

Նախաքննությունը շարունակվում է»: