Էրդողանի խորհրդականը սպառնացել է կտրել այն մարդկանց գլուխները, որոնք ուզում են Ստամբուլը դարձնել Կոստանդնուպոլիս

Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Յալչըն Թոփչուն արձագանքել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) թվիթերյան այն գրառմանը, որով կոչ էր արվում Ստամբուլը նորից վերածել Կ. Պոլսի։ Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, ANCA-ն իր էջում հրապարակել էր Այա Սոֆա տաճարի (Սուրբ Սոֆիայի) լուսանկարը, որում երևում էին Հայաստանի և Հունաստանի պետական դրոշները։ Իսկ լուսանկարին կից արված էր գրառում․

«Ստամբուլը կրկին դարձնենք Կ. Պոլիս»։

Ի պատասխան այդ գրառմանը՝ Թոփչուն Թվիթերի իր էջում գրել է.

«Անհնար է, որ դա իրականացնեք։ Ասենք, թե  դա արեցիք, բայց նույնիսկ այդ ժամանակ բացառվում է, որ դուք դա կարող եք տեսնել, որովհետև ձեզնից ոչ մեկի ուսերին գլուխ չի լինի»։

ANCA-ի հրապարակումը բավական մեծ արձագանք է գտել համացանցի թուրքական տիրույթում։ Թեմային արձագանքել էր նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Մարգար Եսայանը, ասելով, որ. «Ստամբուլը հավերժ է լինելու»:

Հավելենք նաև, որ մի շարք թուրքական լրատվամիջոցներ ANCA-ի գրառման ոճն ու կառուցվածքը նմանեցրել էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն գրառմանը, որը օգտագործվում էր նախընտրական քարոզարշավի ընթացքում։