Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցներն արգելել են Աշոտ Մելքոնյանին Վրաստան մտնել

Երեկ ուշ երեկոյան Վրաստանի սահմանային ծառայության աշխատակիցները արգելել են Վրաստան մտնել ծնունդով Ախալքալաքից, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, Ախալքալաքի պատվավոր քաղաքացի Աշոտ Մելքոնյանին։

Վերջինս թուրքագետ Աշոտ Սողոմոնյանի խմբի հետ ինքնաթիռով Երևանից մեկնել էր Վան, այնտեղից՝ Կիլիկիա և հետ վերադառնալիս է եղել մեքենայով, երբ Կարծախի վրացական անցակետի աշխատակիցները երկար սպասեցնելուց հետո թղթեր են ներկայացրել ստորագրման՝ այն մասին, որ Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան արգելված է։ Երկար բանակցությունները չեն տվել իրենց արդյունքը, և վրացական սահմանային ծառայության աշխատակիցները առաջարկել են Մելքոնյանին հետ վերադառնալ Թուրքիա, դիմել այդ երկրում գործող դիվանագիտական մարմիններին։

Ակադեմիկոսի բոլոր փաստարկներին և դժգոհություններին, այն է՝ ինքը Ախալքալաքի պատվավոր քաղաքացի է, ծնունդով ախալքալաքցի, ՀՀ քաղաքացի է, իսկ Թուրքիայում բացակայում են ՀՀ դիվանագիտական հաստատությունները և այլն, վրացական կողմը որևէ կերպ չի արձագանքել և անընդհատ կրկնել է նույնը։

Ա․ Մելքոնյանն ստիպված հետ է վերադարձել սահմանային անցակետերի թուրքական մաս, որպեսզի մեկնի Թուրքիայի որևէ քաղաք, այնտեղից՝ Կիև, Կիևից՝ Երևան։

Սահմանի թուրքական մասից վերջինս կապվել է Վրաստանում ՀՀ դեսպանություն։

Երկար սպասումներից և բանակցություններից հետո Վրաստանում ՀՀ դեսպանին հաջողվել է ստանալ թույլտվություն, որպեսզի Ա․ Մելքոնյանը հատի վրացական սահմանը և իր հայրենի Ախալքալաքով անցնելով, վերադառնա ՀՀ։

Առայժմ անհայտ է՝ այս թույլտվությունը մեկանգամյա՞ է, թե ոչ։ Եվ քանի որ այս խնդիրը նոր չի առաջացել, և Աշոտ Մելքոնյանն էլ միակ ՀՀ քաղաքացին չէ, ում մուտքը արգելվում է Վրաստան, ապա դժվար չէ կռահել, որ պատմաբան-ակադեմիկոսի՝ Վրաստան մուտքի արգելքի խնդիրը ևս դառնում է օրակարգային հարց։

Հիշեցնենք, որ Աշոտ Մելքոնյանը վերջին շրջանում ջերմ հարաբերություններ է հաստատել Վրաստանի իր գործընկերների հետ, հաճախակի են դարձել փոխայցերը, բարեկամական շփումները։ Որպես ապացույց՝ նշենք անցյալ սեպտեմբերին Ախալքալաքում կայացած պատմական գիտաժողովը (նախաձեռնել էր տեղի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը), որտեղ երկու երկրների պատմաբանները ոչ միայն հանդես եկան առաջին հանրապետություններին նվիրված գիտական զեկույցներով, այլև մի քանի օր բարեկամական սեղանի շուրջ ստեղծեցին նախադեպը չունեցող անկեղծության և բարեկամության մթնոլորտ։

Ավելորդ չեմ համարում նշելու, որ վրացի պատմաբանները, որոնց տարիներով քարոզել են, որ, իբր Ջավախքում ապրում է վայրենաբարո, վտանգավոր, անվստահելի և հակապետական հասարակություն, ուղղակի շշմած էին՝ տեսնելով բարձր քաղաքակրթություն, բարձր ընդունելություն, Վրաստանի ապագայի հանդեպ հավասարաչափ մտահոգություն, պարզապես հիանալի միջավայր, որը կեղտոտ և հիվանդագին քարոզչության արդյունքում օտարվել է հենց իրենցից՝ վրացիներից։

Վրացի պատմաբանները լավագույնս տեսան և խորությամբ ըմբռնեցին այս ամենը, ավելին, այս կարևոր և օդ ու ջրի նման անհրաժեշտ մթնոլորտը ձնագնդի նման նրանք այժմ տարածում են վրաց հասարակական և մտավոր շրջանակներում, և այս ամենի երախտավորներից մեկը հենց Աշոտ Մելքոնյանն է։

Վերադառնալով խնդրին՝ հավելենք, որ վրացական կողմը Ա․ Մելքոնյանին հայտնել է, որ պատմաբանը իբր վերջին շրջանում հաճախակի է այցելում Վրաստան կամ Ախալքալաք։ Փաստենք, որ պատմաբանի եղբայրը՝ լրագրող և Ախալքալաքի հեռուստաընկերություններից մեկի տնօրեն Կարապետ Մելքոնյանը վերջին շրջանում ծանր հիվանդ էր, ով, ցավոք, շաբաթներ առաջ վաղաժամ հեռացավ կյանքից։

Ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ծնողների և եղբոր գերեզմաններն Ախալքալաքում են, նույն քաղաքում և շրջանում են ապրում նաև վերջինիս հարազատներն ու մտերիմները, և վրացական կողմը փայլուն գիտի այդ մասին։ Հետևաբար՝ այս պատճառաբանություններն առնվազն տարօրինակ են։ Մյուս կողմից՝ եթե Ա․ Մելքոնյանի պարագան մի կողմ դնենք, ապա իրավական տեսանկյունից ցանկացած քաղաքացի օրենքով սահմանված ընթացակարգով կարող է Վրաստան մտնել և դուրս գալ ամեն օր, և այս վերոնշյալ պատճառաբանությունը ոչ միայն տեղին չէ, այլև 21-րդ դարում անգամ ծիծաղելի է։

Մի բան պարզորոշ է՝ Վրաստանի հետ հարաբերություններում առկա գոնե տարրական խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև գնալով առաջանում են ավելի նոր, ավելի խայտառակ, երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների ծիրում չտեղավորվող խնդիրներ։

Վերլուծաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից