ՄԱԿ-ի բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար Հայաստանը ներառվել է պատվո ցուցակում

Հայաստանը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար ներառվել է կազմակերպության պատվո ցուցակում: Այս մասին ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  ՀՀ պետական բյուջեի կատարման մասին 2018-ի հաշվետվության տարեկան քննարկումներին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանից բացի, 193 անդամ երկրներից այս ցանկում են 48-ը:

«2018-ի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կատարել է պետական բյուջեով միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության գծով հատկացված գումարների ֆինանսական փոխանցումները,- ներկայացեց Մնացականյանը:- Նախորդ տարի Հայաստանը ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցուցակում`կազմակերպության կանոնավոր բյուջեի ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: Նախորդ տարվա հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին փոխանցվել է 145 հազար 843 ԱՄՆ դոլար`որպես տարեկան անդամավճար: Պատվո ցանկում ներառվում են այն պետությունները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրում ամբողջությամբ վճարում են անդամակցության վճարները»:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանն այս տարի ևս ժամանակին կատարել է իր ֆինանսական պարտավորությունները: 2019-ից փոփոխվել է Հայաստանի անդամավճարի չափաբաժինը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին՝ 0.006 տոկոսից դառնալով 0.007 տոկոս: ՄԱԿ բյուջեն կազմավորվում է հաշվի առնելով երկրի համախառն ազգային արդյունքի հարաբերակցությունը մի շարք այլ ցուցանիշների հետ, ինչպիսին են արտաքին պարտքը, մեկ շնչին հասնող եկամուտը: Անդամավճարի սանդղակները համապատասխան կոմիտեի կողմից վերանայվում են երեք տարին մեկ, նվազագույն շեմը կազմում է 0.01 տոկոս, իսկ առավելագույնը 22 տոկոս:

Զ․ Մնացականյանը նշեց, որ ըստ կանխատեսումների` միջազգային կազմակերպությունների գծով մասնավորապես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություններին և այլ կառույցներին Հայաստանի անդամակցության վճարների մասով կարող ենք ունենալ մինչև 30 տոկոս աճ` պայմանավորված վերոնշյալ տոկոսային աճով:

Տոկոսային չափաբաժնի փոփոխման արդյունքում Հայաստանի անդամակցության վճարը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին 2019-ի համար բարձրացել է մոտ 50 հազար դոլարով, այսինքն` 2018-ի 145 հազար 843-ից դարձել է 195 հազար 176 դոլար:

Միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության վճարների ցանկում ներառված է 98 կազմակերպություն: Անդամավճարների համար 2018-ի պետական բյուջեով հաստատված ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 490 մլն 965 հազար դրամ, փաստացի ծախսը կազմել է 2 մլրդ 340 մլն 270 հազար 135 դրամ: