Աղբատար «Կամազները» հայտնվելու են նույն խնդրի առաջ, ինչ «Սանիտեքի» մեքենաները

Թեև Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան համայնքը դարձել է աղբահանության երկրորդ օպերատոր, սակայն մինչև օրս դեռ չի հստակեցվել, թե ի՞նչ սկզբունքով է աշխատելու այդ օպերատորը, ինչպե՞ս են մայրաքաղաքի բնակիչներից աղբահանության համար վարձավճարները գանձվելու, ովքե՞ր են այդ գումարները հավաքելու, մեքենաների վարորդները որքա՞ն են վարձատրվելու, քանի որ քաղաքապետարանում դեռևս նոր հաստիքներ չեն ստեղծվել, հայտնի չէ նաև՝ գնված «Կամազ» մեքենաները շահագործվո՞ւմ են արդեն, թե դեռ ոչ, երբվանի՞ց են շահագործվելու և այլն։ Այսoր այս հարցերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչեցրեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

«Քաղաքապետարանի վերադասները հայտարարեցին, թե Երևան համայնքը  աղբահանությամբ զբաղվող երկրորդ օպերատորն է, այնինչ պայմանագրով արդեն իսկ երկու օպերատորներ կան՝ հանձին «Սանիտեքի» և «Սանիտեք Հայաստանի»։ Եվ եթե համայնքը երկրորդ օպերատոր է հայտարարվել, ապա պարզ չէ՝ օպերատորներից մեկի հետ պայմանագիրը լուծարվե՞լ է, թե ոչ։ Կարծում եմ՝ այս պահին դժվար թե «Սանիտեքի» նկատմամբ կտրուկ քայլեր արվեն, քանի որ այն միջազգային ընկերություն է և հարկավոր է շատ զգույշ լինել, որպեսզի միջազգային ատյաններում խնդիրներ չունենանք»,- ասաց Անի Խաչատրյանը։

Մեր դիտարկմանը, թե «Սանիտեք» ընկերությունը քաղաքային իշխանությունների  կողմից տուգանվելու ժամանակ ամեն անգամ հայտարարում է, որ քաղաքապետարանն էլ իրենց հանդեպ է պարտավորություններ ստանձնել և չի կատարում, ավագանու անդամն ասաց, որ իսկապես նման պայմանավորվածություն եղել է, սակայն բանավոր, ինչը մինչև օրս չի կատարվել։ Եվ հենց այդ պատճառով է, որ աղբահանող օպերատորը չի կարողանում լիարժեքորեն կատարել իր գործառույթները, ինչի համար էլ ժամանակ առ ժամանակ տուգանվում է։

«Պայմանագիր կնքելու ժամանակ բանավոր պայմանավորվածություն է եղել նախկին  քաղաքային իշխանությունների հետ, որ երկու-երեք տարվա ընթացքում Նուբարաշենի աղբավայրի խնդիրը կլուծվի, ճանապարհները կբարեկարգվեն, բայց այդպես էլ հարցը չի լուծվել, և հենց այդ խնդրի պատճառով է, որ ընկերության մեքենաները մեկը մյուսի հետևից շարքից դուրս են եկել։ Նոր բերված մեքենաներն էլ են շարքից դուրս գալու, եթե ճանապարհը չբարեկարգվի։ Ավելի խելամիտ չէ՞ր լինի՝ մեքենաներ գնելու համար տրամադրված գումարը հատկացվեր աղբավայրը, ճանապարհները բարեկարգելուն, քանի որ, ինչպես նշեցի, նոր մեքենաներն էլ են կանգնելու այդ խնդրի առաջ»,- նշեց Անի Խաչատրյանը։

Անդրադառնալով վերջերս ռուսաստանյան «Կամազ» ընկերությունից ձեռք բերված աղբատար մեքենաներին՝ նա ասաց, որ անգամ դրանք շահագործելու դեպքում դժվար կլինի լիարժեքորեն մայրաքաղաքը մաքրել աղբից՝ քչաքանակ լինելու պատճառով։ Այնինչ Երևանին առնվազն 23 աղբատար մեքենա է հարկավոր, որպեսզի բոլոր վարչական շրջաններին հնարավոր լինի սպասարկել։

«Հինգ «Կամազով» մայրաքաղաքի աղբահանության խնդիրը չի լուծվի, աղբահանության  վիճակը վերահսկելու համար Երևանին առնվազն 22-23 մեքենա է հարկավոր, և վերջին շրջանում, որքան գիտեմ, «Սանիտեքը» 12-13 մեքենա էր շահագործում, ամեն վարչական շրջանի համար մեկ մեքենա, իսկ այդպես պարզապես անհնարին է քաղաքն աղբից  բեռնաթափելը։ Նոր մեքենաների համար մրցույթ է հայտարարված, բայց դեռ գործընթացը չի սկսվել»,- ասաց Անի Խաչատրյանը։