Քաղաքապետարանն ուզում է ձերբազատվել ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանից

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խոսելով Երևանի քաղաքապետարանում սպասվող օպտիմալացումից՝ ասաց, որ մեծ կրճատումներ նախատեսված չեն։ Բայց առաջիկայում դրված է քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ Համազասպ Գալստյանին ամեն գնով քաղաքապետարանից հեռացնելու հարցը, ինչը քաղաքապետարանում մտադիր են անել նրա հաստիքը կրճատելու միջոցով։ Փաստացի ֆինանսական վարչությունը միակն է, որի ղեկավարը կզրկվի տեղակալներ ունենալու հնարավորությունից։

«Երևանի քաղաքապետարանում նախատեսվում է կրճատել միայն մեկ վարչության տեղակալներին՝ ֆինանսական վարչության, քանի որ այնտեղ որպես տեղակալ է աշխատում Համազասպ Գալստյանը, որին քաղաքապետն ամեն գնով ցանկանում է հեռացնել աշխատանքից։ Այլապես ինչպե՞ս բացատրել, որ միայն այդ վարչությունն է հայտնվել թիրախում, և հենց այդտեղ են նախատեսվում օպտիմալացման աշխատանքներ»,- ասաց ավագանու անդամը։

Հարցին, թե ինչո՞ւ չի ազատվում տվյալ անձից, եթե խնդիրը նրա հետ է կապված և նոր նշանակում անում, այլ ամբողջ հաստիք է կրճատում, Անի խաչատրյանն ասաց, որ տվյալ տեղակալը շատ լավ է աշխատում, և նրա վրա չեն կարող բիծ գտնել, ուստի որոշել են հաստիքները կրճատելու միջոցով ազատվել այդ մարդուց։

«Նա շատ լավ աշխատող է, ես դա պնդում եմ և կապ չունի, որ աշխատել է նաև նախկին քաղաքային իշխանությունների ժամանակ, տարիների փորձով, պատկառելի տարիքով մարդ է, որին հեռացնելու համար հաստիքն են կրճատում։ Այդ վարչությունում կա տեղակալի երկու հաստիք, այսինքն՝ երկու տեղակալ է աշխատում, բայց երկուսն էլ կրճատվելու են, քանի որ տվյալ անձն իր գիտելիքներով ու փորձով ավելի բարձր է, և եթե անգամ տեղակալների հաստիքներից միայն մեկը կրճատվի, ապա միանշանակ պաշտոնավարումը պետք է շարունակի հենց Համազասպ Գալստյանը»,- հավելեց Անի Խաչատրյանը։