Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 4-ի որոշմամբ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել:

Որոշման տեքստում նշված է, որ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:

Վարույթը հարուցվել է Դանիել Իոաննիսյանի Փաստերի ստուգման հարթակում հրապարակված «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» տեղեկության հիման վրա, որով հետաքննություն էր ներկայացվել՝ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալների և անճշտությունների մասին։