«Գազպրոմ Արմենիա»-ն տուգանվել է 10 մլն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 5-ի նիստում 10 մլն դրամով տուգանել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Այս մասին տեղեկացնում է ՀԾԿՀ-ի մամուլի ծառայությունը։

Տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀԾԿՀ-ն 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ՝ ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաստիության ստացման նպատակով։

Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել հանձնաժողովի որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների 9.1-րդ, 10.4-րդ, 10.5-րդ կետի 2-րդ ենթակետի, 10.6-րդ կետի 1-ին ենթակետի, 10.8-րդ, 10.10-րդ կետի 1-ին ենթակետի, 10.16-րդ, 11.3-րդ կետերի, ինչպես նաեւ բնական գազի բաշխման №0109 լիցենզիայի պայմանների 29-րդ կետի պահանջները:

Մասնավորապես, ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության մեջ չի ներառվել առանձնատների, 3 դեպքում 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում նախկինում դիմած և հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացման վերաբերյալ տեղեկատվությունը:

Դիմող անձանց գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, գազամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկություն ներկայացվել է հեռախոսային կապի միջոցով, նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման նպատակով դիմող անձանցից գանձվել է միացման պայմանագրում ամրագրված վճարի 100 %-ը և այլն:

Հանձնաժողովը որոշել է կանոնների կետերը և լիցենզիայի պայմանները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 000 000 դրամ գումարի չափով։