Իրանը պատրաստ է պատերազմի, իսկ ԱՄՆ-ում խուճապ է

Աշխարհը հայտնվել է տարօրինակ և երկիմաստ վիճակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արկածախնդրության պատճառով: Աշխարհի տարբեր երկրներում մի շարք կազմակերպությունների և խմբերի անունից սկսել են խոսել «ԱՄՆ փաստաբանները»։ Իրենց պարզունակ սուտը, թե իբր «Թրամփը պատերազմ չի ուզում» և «Թրամփը Իրանի հետ նոր գործարք է ուզում կնքել», բարեբախտաբար, վաղուց բացահայտել են Իրանում: Այո, Թրամփը բազմիցս փորձել է կապ հաստատել Իրանի իշխանությունների հետ: Նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ «Թող ինձ զանգահարեն Թեհրանից, և մենք կպայմանավորվենք»: Թեհրանը չի զանգահարի, պարոն Թրամփ, քանի դեռ ԱՄՆ-ը  չի կատարել իր հանձնառությունը (կապիտուլյացիա) Իրանի նկատմամբ:

Իսկ Իրանը սպասում է ԱՄՆ-ի և Իսրայելի շատ կոպիտ և մեծ սխալին:

Ես արդեն գրել եմ, որ մայիսի 20-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խստորեն զգուշացրել են Վաշինգտոնին, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություններ չեն լինի: Իսկ մայիսի 23-ին, դիմելով իրանա-իրաքյան պատերազմի հազարավոր վետերանների խմբին, նախագահ Ռոհանին նույնիսկ ավելի կոպիտ հայտարարություններ է արել: Press-TV հեռուստաալիքի հաղորդմամբ, Իրանի նախագահը վետերաններին հայտարարել է. «Իրանը չի հրաժարվի իր անկախության և արժանապատվության պահպանման նպատակից, նույնիսկ եթե ենթարկվի ռմբակոծման և նրա ժողովուրդը սպանվի, վիրավորվի ու գերեվարվի»:

Ռոհանին նշել է, որ 1980-ական թվականներին Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի կողմից պարտադրված պատերազմում Իսլամական հանրապետությունը հայտնվել էր  ռազմական հարձակման և տարածքը  կորցնելու վտանգի առաջ, սակայն այսօր «երկիրը հայտնվեց տնտեսական պատերազմի մեջ»: Իրանի նախագահը նախազգուշացրել է, որ նոր պատերազմը նախորդից ավելի դժվար է լինելու և կոչ է արել ազգին մնալ ամուր և համախմբված ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ. «Թշնամիները ճնշում են գործադրում Իրանի վրա, որպեսզի նա զիջի իր անկախությունն ու արժանապատվությունը, բայց ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց կտա, որ թշնամիների դավադրությունները պտուղներ չեն տալու: Մենք կհաղթահարենք թշնամուն զոհաբերության և միասնության միջոցով: Ես հայտարարում եմ, որ իրանական ժողովուրդը հաղթելու է ԱՄՆ-ին, իսրայելական ռեժիմին ու տարածաշրջանային ռեակցիոնիստներին միասնության և անզիջում դիմադրության միջոցով»:

Ասեմ, որ ԱՄՆ-ում աճում է Թրամփի արկածախնդրության դեմ դիմադրությունը: Նույնիսկ Հիլարի Քլինթոնը կոչ է արել ԱՄՆ նախագահին վերջ տալ Իրանի հետ հակամարտությանը և վերադառնալ դիվանագիտությանը: Մայիսի 23-ին 70-ից ավելի ամերիկացի թոշակառու բարձրաստիճան զինվորական բաց նամակ են հղել Թրամփին, որը հրապարակվել է «War on the Rocks» պարբերականում։ Նամակում նրանք հորդորում են ԱՄՆ ղեկավարին խուսափել Իրանի հետ պատերազմից և «ճգնաժամի հաղթահարման միջոցներ» ձեռնարկել: «Որպես նախագահ և գերագույն հրամանատար՝ ձեր իշխանության մեջ զգալի ուժեր ունեք, որպեսզի անմիջապես նվազեցնեք տարածաշրջանային լարվածության վտանգավորության աստիճանը», – նշված է նամակում: «Ճգնաժամի հաղթահարման միջոցները պետք է սահմանվեն Իրանի ղեկավարության հետ՝ կառավարության բարձրագույն մակարդակով»:

Ավելին, ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի անդամ, Կալիֆոռնիայի սենատոր Դայանա Ֆեյնշտեյնը նախարար Զարիֆի հետ հանդիպում է խնդրել: Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Իրանի ԱԳՆ-ը հաստատել է այդ տեղեկությունը: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի խոսքերով, «նման հանդիպումները նպատակ ունեն չեզոքացնել այսպես կոչված «B-Team»-ի ազդեցությունը ամերիկյան հասարակության վրա»: «B-Team» եզրն առաջին անգամ օգտագործվել է Զարիֆի կողմից՝

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալման Աս-Սաուդի և Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամեդ բին Զաիդ Ալ Նահյանիի կազմած հակաիրանական հրեշավոր խմբի վերաբերյալ:

Իսկ Թեհրանում սպասում են` կամ ԱՄՆ-ի և Իսրայելի ճակատագրական սխալի, կամ ասենք՝ Վաշինգտոնում որոշակի մասնակի հեղաշրջման:

70 թոշակառու զինվորականների նամակի և սենատոր Ֆեյնշտեյնի գործողությունների օրինակով մենք տեսնում ենք, որ ԱՄՆ զինվորականները և հետախուզական շրջանակները դեմ են պատերազմին: Այսինքն բավական է Թրամփին մեկուսացնել Բոլթոնից և նրա հրեա փեսա Ջարեդ Կուշներից, և հնարավոր է՝ մի բան փոխվի: Սակայն Թեհրանում ոչ ոք «ձեռքները ծալած» չի նստել: Մայիսի 25-ին Al Alam հեռուստաալիքի եթերում Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալլաեդին Բորուջերդը հայտարարել է. «Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ իրական պատերազմի: Սակայն ամերիկացիների քաղաքականությունը Իրանի հանդեպ հոգեբանական պատերազմ է: Հենց այս համատեքստում պետք է դիտարկել ԱՄՆ-ի՝ իր զինվորականներին Մերձավոր Արևելք ուղարկելու որոշումը»: Ինչպես հաղորդում է իրանական ISNA գործակալությունը, մայիսի 26-ին նախարար Զարիֆը Իրաքի իր գործընկերոջ՝ Մոհամեդ Ալի ալ-Հաքիմի հետ, Բաղդադում կայացած բանակցություններում առաջարկել է Պարսից ծոցի երկրներին կնքել չհարձակվելու մասին դաշնագիր․ «Մենք ձգտում ենք կարգավորել հարաբերությունները Պարսից ծոցի բոլոր երկրների հետ: Այդ  նկատառումներով առաջարկել ենք տարբեր նախաձեռնություններ՝ ներառյալ Պարսից ծոցի երկրների հետ չհարձակվելու դաշնագրի ստորագրումը»:

Պատրաստվում են նաև զինվորականները: Որոշ տեղեկությունների համաձայն, Պարսից ծոցի շրջանում հայտնվել են Ռուսաստանի կողմից Իրանին փոխանցված S-300 ԶՀԿ-ները: Իսկ մայիսի 25-ին ԻՀՊԿ-ի հրամանատարի ավագ խորհրդական Մորթեզա Ղորբանին հայտարարել է. «Եթե թշնամին Պարսից ծոցում փոքրագույն հիմարություն թույլ տա, ապա կհասկանա, թե մենք ինչ կանենք այդ ժամանակ»: Խորհրդականը «հույժ գաղտնի» է անվանել այն զենքը, որը կարող է «ծովի հատակն ուղարկել» ԱՄՆ նավերը՝ «ամեն ինչով և բոլորի հետ» միասին։ Այսուհանդերձ, նա պարզաբանեց, որ խոսքը գնում է որոշակի հրթիռների մասին:

Սերգեյ Շաքարյանց