ՀՀ և ԻԻՀ դատախազությունների ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների միջև հանձնման և իրավական փոխօգնության խնդիրները

Հունիսի 5-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը» թեմայով կլոր սեղան:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ դատախազության լրատվական ծառայությունը, միջոցառումն իրականացվել է 2018թ. նոյեմբերին Թեհրանում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների կողմից ստորագրված «ՀՀ գլխավոր դատախազության և ԻԻՀ գլխավոր դատախազության միջև 2019-2020 թթ. համագործակցության մասին» ծրագրով: Դրանով նախատեսված միջոցառումների մի մասն անցկացվում է ՀՀ-ում, իսկ մյուս մասը՝ ԻԻՀ-ում: Վերոնշյալ կլոր սեղանի անցկացումը դրանցից առաջինն է:

Հանդիպման ընթացքում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել հանձնման (էքստրադիցիայի) և քրեական գործերով իրավական օգնության ոլորտում առկա ընթացակարգային և բովանդակային մի քանի ակտուալ խնդիրների, քննարկել միջազգային իրավունքի և երկու երկրների օրենսդրական իրավակարգավորումների համատեքստում դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումները, երկու երկրների դատախազությունների միջև այս ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:

Ներկայացնելով տվյալ ոլորտում ունեցած փորձը՝ երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչները մեծապես կարևորել են քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը և երկուստեք փաստել, որ 2019-2020 թթ. համագործակցության ծրագիրը նպաստում է գործակցության հետագա ամրապնդմանը, երկու երկրների դատախազների փոխընկալման դյուրացմանը: Նրանք ընդգծել են նման ձևաչափով հանդիպումները հաճախակի դարձնելու կարևորությունը, նշելով, որ դրանք նպաստում են կոնկրետ գործերով առաջացող աշխատանքային բնույթի խնդիրները հնարավորինս օպերատիվ լուծելուն, գործնական հարաբերությունների սերտացմանն ու փոխվստահության ամրապնդմանը:

ԻԻՀ գլխավոր դատախազության պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նա բարձր է գնահատել երկու դարավոր հարևան երկրների միջև բոլոր մակարդակներով հաստատված ջերմ, բարեկամական հարաբերությունները, ունեցած ընդհանուր պատմական, մշակութային ժառանգությունը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ԻԻՀ գլխավոր դատախազության հետ տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը լիարժեքորեն համապատասխանում է երկու երկրների  միջև հարաբերությունների մակարդակին և ոգուն, ինչը նոր շնչառություն է ստացել նախ 2017թ. Սանկտ Պետերբուրգում, այնուհետ արդեն Թեհրանում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպումների, համագործակցության վերոնշյալ ծրագրի ստորագրման, դրանով նախատեսված միջոցառումների մեկնարկի արդյունքում: Արմեն Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ սկսված ծրագրային միջոցառումների իրականացումը նպաստելու է ինչպես հանձնման և քրեական գործերով իրավական փոխօգնության, այնպես էլ անդրազգային հանցավորության և հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում երկու երկրների ներուժի համատեղմանն ու արդյունավետ օգտագործմանը: