Նախկինում Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել ԼՂ բանակցային գործընթացից․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ԼՂՀ և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացրել եմ Արցախի հարցի լուծման վերաբերյալ  իմ տեսլականը։ Այս մասին այսօր՝ հունիս 5-ին ԱԺ բակում  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «հողեր հանձնելու» և Արցախում պատերազմ հրահրող «դավադիրների» մասին լրագրողների հարցերին, հավելելով, որ դավադիրների մասին ինքը բարձրաձայնել է Գորիսում՝ նախընտրական հավաքի ժամանակ։

«Ես և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, և Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ ԼՂ հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը,-ասաց վարչապետը։- Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել․ և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապված՝ պրիտենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե համաձայն չեն դրա հետ։ Պարզվել է, որ համաձայն են դրա հետ։  Եվ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ նստել-խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց են պատկերացնում, ինչ քայլերով պետք է գնալ առաջ։ Եթե այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ գնա, Ֆեյսբուքում գրի՝ Փաշինյանը հողերը ծախում է․ ինչի՞ համար է ինքը դա անում։ Ինքը 100 տոկոսով գիտի՞, թե ինչ է կատարվում»։

Փաշինյանը, միաժամանակ, վստահեցրեց, որ նախկինում Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել ԼՂ բանակցային գործընթացից. «Ընդ որում, երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել՝ տեղեկացնել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում։ Ես եմ ԼՂ հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂՀ իշխանություններին։ Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել։ 5 անգամ հարցրել եմ՝ դուք տեղյակ եղել եք՝ ի՞նչ են պայմանավորվել, իրենք տեղյակ չեն եղել։ Իրենք դրանից հետո գնում են, իրենց օգնականների և նույնիսկ իրենց սոցցանցերի էջերում գրում են՝ էս ապազգային իշխանություն է, հակաազգային իշխանություն է, հողերը… հարց է առաջանում՝ ինչի՞ համար են դա անում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ է տեսնում։