«Վերելակային դիվանագիտությունը» թյուր տպավորություն ստեղծեց, թե Ալիևը կխելոքանա ու սահմանին կրակոցներ չեն լինի

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ

Օրերս Ադրբեջանը կոպտորեն խախտեց հրադադարի ռեժիմը, արդյունքում՝ զինվոր կորցրինք: Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի հերթական խախտումը չի՞ փաստում, «վերելակային դիվանագիտության» սնանկության  մասին:

– Մենք ժամանակին ասել ենք, որ չի կարելի վստահել Ալիևի, այսպես կոչված, քաղաքակիրթ կերպարին, որովհետև ինքն այլ նպատակ էր հետապնդում «վերելակային դիվանագիտության» իրականացմամբ։  Եվ այդ նպատակին, դժբախտաբար, կարծեք թե հասել է։

Նկատի ունեք ա՞յն, որ այս մեկ տարում  փաստորեն մոռացվեցին 2016 թ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները։

– Այո։

Երեկ Արցախի Արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն տարածեց, որում հիշեցնում է՝ «վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է։ Այդ ջանքերի շրջանակներում անհրաժեշտ է վերջապես իրականացնել 2016 թ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները»։ Եվ սա այն է, ինչի մասին այս մեկ տարում մոռացավ ու անտեսեց Փաշինյանը։

– Այո, տեղյակ եմ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությանը, Հայաստանի ԱԳ-ն ևս տարածելով  հայտարարություն, հիշեցրեց  2016-ի պայմանավորվածությունների  մասին։ Բայց այսօր դրանց մասին  շատ չի խոսվում հենց  միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում։ Պատճառը  «վերելակային դիվանագիտություն» կոչվածն է, դրանով ստեղծվեց այն թյուր տպավորությունը, թե  երկու առաջնորդները կարող են խոսել, պայմանավորվել, ինչի արդյունքում Ալիևը խելոք կմնա, սահմանին կրակոցներ չեն լինի։  Սակայն դա տեղի չունեցավ։

Այսօր հարկավոր է ճիգեր գործադրել, որպեսզի թարմացվեն այդ պայմանավորվածությունների շուրջ նաև միջնորդների հիշողությունը։ Կարծեք թե նրանք անտեսել էին կամ ենթարկվելով երկու ղեկավարաների վերելակային պայմանավորվածությանը, արդեն անհրաժեշտ չէին համարում ակնարկել այդ մասին։ Դա է հուշում այն, որ միջնորդների վերջին հայտարարություններում այդ պայմանավորվածությունների մասին ակնարկ անգամ չկա։

 – Ուզում եք ասել՝ գնացքը մեկնե՞լ է։

– Չէ, չեմ կարծում, որ գնացքը գնացել է։ Պարզապես, մենք զուր տեղը ժամանակ  ենք կորցնում և դրա հետ միաժամանակ նաև զոհեր ունենում։

Ադրբեջանի՝ սահմանին ակտիվացումը փաստում է նաև այն, որ  չաշխատեցին վարչապետի տիկնոջ խաղաղության կոչերը։

– Ես չեմ կարծում, որ խաղաղության կոչերն ուղղված էին  Ադրբեջանին։ Պարզ է, որ նման կոչերով չէ, որ Ադրբեջանը պետք է իր կեցվածքը, իր դիրքորոշումը փոխեր։ Կարծում եմ, այդ կոչերն ավելի շատ ուղղված էին երրորդ կողմին, հետևաբար չեմ կրող ասել՝ աշխատեցին, թե ոչ։

Կարևորը, սակայն այն է, որ մենք պետք է ամրացնենք մեր հնարավորությունները և պարտադրենք, որ մեկ տարի առաջ ձեռք բերած պայմանավորվածությունները կատարվեն։ Ադրբեջանն իր մեկ զինվորի սպանությունն էլ փորձեց  գցել մեզ վրա, եթե գործեին վերահսկողության  մեխանիզմները՝ դա չէր լինի։

Երբ Փաշինյանն անանուն, անհասցե խոսեց դավադիր ուժերի մասին։ Նույն օրն ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ էր գրում էին՝ Արցախի ու Հայաստանի մեջ պատերազմ է, ժամանակն է հարձակման։ Արդյո՞ք վերջին սահմանային ակտիվացումը նման անհեռատես հայտարարության հետևանք  չէ։

– Ընդհանրապես, պաշտոնական Արցախի ու  Երևանի  մեջ ստղծված ոչ բնականոն  մթնոլորտը, կարծում եմ, Ադրբեջանին մղեց նման քայլի։ Ադրբեջանում մտածում են՝ Ստեփանակերտի ու Երևանի հարաբերություններն  այնքան լարված են, որ իրենք կարող են գնալ սահմանային իրավիճակի սրացման։ Փաշինյանի այդ  հայտարարությունը  առիթ եղավ, որ Ալիևը գնա նման սադրանքի։ Բայց մենք պետք  է Ադրբեջանին  հասկացնենք, որ նման խաղերը չեն կարող հանդուրժել  հայկական կողմերը։

Այս պահին բանակցային գործընթաց ասվածը, եթե իհարկե այն կա, ի՞նչ փուլում է։

– Կարծում եմ, նույն իրավիճակն է, որի մեջ  գտնվում էինք 2016-ի ապրիլյան մարտերից հետո։ Այսինքն, երբ ճիգեր էին արվում փոխադարձ վստահությունը վերականգնվելու ուղղությամբ, և ոչ թե հարցի բովանդակության ու էության շուրջ են ընթանում  խոսակցությունները։

Այսօր այդ ճիգերը պետք է խորացնել․  հայկական կողմերը պետք է պնդեն, որպեսզի  պայմանավորվածություններն իրագործվեն, իսկ միջնորդները պետք է այդ ողղոությամբ քայլեր կատարեն։