Դեղորայքային թունավորումների ցուցանիշներն աճել են

Այս տարի մինչև ապրիլի 30-ը Հայաստանում արձանագրվել է դեղորայքային թունավորման 211 դեպք (2018թ. նույն ժամանակահատվածում՝ 207), որից Երևանում՝ 108 (նախորդ տարի՝ 93), մարզերում՝ 103 (նախորդ տարի՝ 114)։ Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել:

ՀՀ ԱՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, ընթացիկ տարում Երևանում և մի շարք մարզերում դեղորայքային թունավորումների ցուցանիշները գերազանցում են միջին հանրապետական ցուցանիշը.  Երևանում՝ 1,4 անգամ, Արարատի մարզում՝ 1,5 անգամ, Կոտայքի մարզում՝ 1,2 անգամ:

Դեպքերի հիմնական մասն արձանագրվել է ինքնաբուժման (36%), ծնողի անուշադրության (37,9%) և ինքնասպանության փորձի (9,9%) պատճառով: Դրանց մեծ մասը գրանցվել է երեխաների շրջանում (53,6%), նաև` նախորդ տարվա համեմատ աճել են կանանց շրջանում (59,2%):

Դեղորայքային թունավորումներից առավել հաճախ հանդիպում են ցավազրկող և հոգեմետ դեղերով թունավորումները: Պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բժշկի կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նշանակված դեղերի ընդունումը միշտ չէ հսկվում նրանց հարազատների կողմից, թունավորվածների մի մասն էլ դրանք օգտագործել են ինքնաբուժման կամ ինքնասպանության նպատակով:

Ցավազրկող դեղերից թունավորվելու հիմնական պատճառն ինքնաբուժումն է: Շատ են նաև կալիումի պերմանգանատից և կարբամազեպինից թունավորման դեպքերը:

Դեղորայքային թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

դեղեր ընդունելիս խորհրդակցել բժշկի հետ,

ինքնուրույն չփոփոխել բժշկի նշանակած դեղերի չափաբաժինները և հաճախականությունը,

մանրամասն ծանոթանալ առանց դեղատոմսի ձեռք բերված դեղի օգտագործման հրահանգներին,

ալկոհոլը չզուգակցել դեղի ընդունման հետ,

առանց բժշկի խորհրդատվության դեղամիջոցները չզուգակցել,

հետևել դեղի պահպանման կանոններին: