Տակառը մեզ վրա են գլորում, այն տակառը, որն Ադրբեջանի ուղղությամբ էր գլորվում

Մայիսի 20-ի իր հայտնի ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «դավադիր ուժերից», հայտարարեց․ «Հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»: Այսօր տեղի ունեցավ հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Հիշեցնենք, որ այն գլխավորում է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ։ Քաղաքագետը լրջագույն վտանգներ է տեսնում նման հանձնաժողովի ստեղծման հարցում։

Ստորև ներկայացում ենք մեր հարցազրույցը քաղաքագետի հետ։

– Պարոն Ենոքյան, մայիսի 20-ի ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսեց Արցախում ինչոր դավադիր ուժերից, որոնք, ըստ նրա, կարող են հողեր հանձնել, ու նույն ելույթում հայտարարեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։  Փաշինյանը հասավ իր նպատակին՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվեց, իսկ այսօր հրավիրվեց իառաջին նիստը։ Ձեզ համար պա՞րզ է դրա ստեղծման իրական նպատակը։  

– Նախ, ես բացասաբար եմ վերաբերվում նման հանձնաժողովի ստեղծմանը այն պատճառով,  որ եթե դա լինելու է  խորհրդարանական հանձնաժողով, ապա ներկայիս խորհրդարանի կազմի առկայության պարագայում  այն արդեն իսկ չի կարող լինել օբյեկտիվ։ Երկրորդ, պարզ չէ, թե ի՞նչ խնդիրներ են քննելու։ Չնայած նպատակը կռահում եմ, բայց չեմ ուզենա կռահումներով առաջնորդվել։ Կարծում եմ՝ դրանք քննելիս ավելի շատ վնաս կտան երկրին, քան՝ օգուտ։

Ինչ վերաբերում է դավադիրներին, ապա վարչապետը հայտարարեց առանց կոնկրետ անուններ տալու, առանց կոնկրետ ապացույցների։ Իսկ հաջորդ քայլով  նա Արցախ ուղարկեց Սասնա ծռերին, որոնք այնտեղ պրովոկացիաներ  էին սարքում, իսկ այդ պրովոկացիաներին պատասխանողները կհայտարարվեին որպես դավադիր ուժեր։ Փառք Աստծո, որ դա տեղի չունեցավ, ու մենք այդ փուլը կարողացանք հանգիստ անցնել։

2016-ին Ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրությունը Ադրբեջանին ճանաչեց պատերազմ հրահրող, ագրեսոր կողմ։ Սակայն այսօր կա մտավախություն, որ ՀՀ խորհրդարանում նման քննիչ հանձնաժողով ստեղծելով՝ իշխանությունը փորձում է սլաքն ուղղել դեպի ներս՝ մեղավոր փնտրելով երկրի նեսում, կարծես դրանով փորձելով մեղքը բարդել հայաստանյան ռազմական ղեկավարության վրա։ Դուք տեսնո՞ւմ եք նման մտավախություն։

– Այո։ Պատերազմում Ադրբեջանն անխոս մեղավոր է և, ինչպես նկատեցիք, նրա ագրեսիվ լինելը ճանաչել է միջազգային հանրությունը։ Ավելին՝  նման պատերազմները կանխելու համար Ապրիլյան պատերազմից հետո առաջարկվեց ռազմաճակատի գծում ստեղծել  մոնիթորինգի մեխանիզմներ, ինչը դարձավ Մինսկի խմբի օրակարգի հարցը։ Սակայն Նիկոլ Փաշինյանի  իշխանություն գալուց հետ այդ հարցը, որը կարող է կանխել պատերազմները, պարզապես վերացավ օրակարգից։ Փաստորեն, հոնքը շինելու փոխարեն՝ աչքը հանեցին։ Ու հիմա, եթե այս հանձնաժողովի ստեղծմամբ պատերազմի պատճառներն են բացահայտելու, ես դա, անկեղծ ասած, չեմ հասկանում։

– Ի դեպ, պատերազմի ընթացքում թույլ տրված թերացումների, բացթողումների բացահայտման հարցում նախկին իշխանությունն արդեն իսկ պատժիչ քայլեր կատարել է, ժամանակին մի քանի պաշտոնանկություններ արվեցին։

– Այո, պաշտոնանկություններ եղան, ու հիմնական մեղավորներից մեկը՝ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանն այն ժամանակ հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Իսկ Փաշինյանի իշխանության գալուց հետո, այդ նույն անձը դարձավ վարչապետի լրջագույն խորհրդականներից մեկը։ Բայց չէ՞ որ նրա պատճառով մենք 2016-ի ապրիլի 1-ին հանկարածակիի եկանք։ Իսկ նա Նիկոլ Փաշինյանին այսօր խորհուրդներ է տալիս, պատկերացնո՞ւմ եք։

Ի վերջո, այն ժամանակ մեր կորուստների մեղավորները ներսում գտնվել են։ Հիմա, եթե խնդիր է դրվելու ավելին պատժել, եթե եղածից ավելի են ուզում մեղավորներ գտնել, սա նշանակում է՝ տակառը մեզ վրա գլորել, այն տակառը, որն Ադրբեջանի ուղղությամբ էր գլորվում։

– Քննիչ հանձնաժողովը  կարող է դառնալ բանակի գլխին ճոճվող մահակ, այն կարող է ուղղվել ցանկացած հրամանատարի, Արցախյան ազատամարտի հերոսի դեմ։ Այսինքն, մենք սրանով մտնում ենք մի նոր փուլ՝  բանակի, մեր  հերոսների վարկաբեկման ու հեղինակազրկման։  Դուք ունե՞ք նման մ տավախություն։

-Այո, իհարկե։ Եթե այդ հանձնաժողովը քննելու է ռազմատեխնիկական, ռազմական պատրաստվածության և այլ հարցեր, ապա դա խիստ վտանգավոր է։ Դրանք հարցեր են, որոնք  չպետք է լինեն նման հանձնաժողովի քննարկման առարկան։ Այդ հանձնաժողովի ստեղծումը  կրկին կարող է հետապնդել և բանակի վարկաբեկում, և Արցախի վարկաբեկում։

– Պարոն Ենոքյան, Հայաստանի արտախորհրդարանական դաշտում կա՞ն ուժեր, որոնք ի զորու կլինեն կանխելու իշխանության վտանգավոր քայլերը։ Ինչո՞ւ եմ շեշտում  արտախորհրդարանական, քանի որ այդպիսիք չկան խորհրդարանում։

-Ես կարծում եմ, որ արտախորհրդարանական ուժերը, վերլուծաբաններն իրենց կարծիքն անպայմանորեն կհայտնեն, բայց դրանք կլինեն պարզապես հորդորներ՝ ուղղված իշխանությանը։ Այլ քայլեր չեն կարող լինել, նրանք որևէ այլ քայլ չեն կարող անել։ Այսինքն ի՞նչ անեն՝ պահանջեն իշխանության հրաժարակա՞նը,  դա անլուրջ քայլ կլինի։

– Ինչո՞ւ ոչ, եթե իշխանությունը գնում է մի քայլի, որը վաղը պետության համար թանկ գին է արժենալու, գուցե նաև իսկապե՞ս հրաժարականի պահը հասունացել է։

-Ես չեմ կարծում, որ հրաժարականի պահը հասունացել է, հենց թեկուզ այն պատճառով, որ մենք հիմա չունենք ծանրակշիռ ընդդիմություն, որը կկարողանա ընտրություններում մրցակցել այս իշխանության հետ։

Երկրորդ, ես չեմ կարծում, որ հրաժարականի պահանջի դեպքում այս իշխանությունը հրաժարական կտա, որովհետև նրանք հազիվ վերցրել են իշխանությունը։ Առավելագույնը,  որ կարող է հնչել քաղաքական ուժերի ու վերլուծաբանների կողմից՝ հորդորն է։ Նաև չեմ կարծում, որ հնարավոր կլինի միտինգներ  կազմակերպել՝ իշխանության քայլերը կանխելու համար։ Գիտեք, շատ ավելի մեծ առիթներ է տվել այս իշխանությունը, որպեսզի պահանջեն  իր հրաժարականը, թեկուզ տեղի ունեցած սահմանադրական հեղաշրջումը, երբ գործադիր իշխանության կոչով փակվեցին դատարանների մուտքերը։ Մինչդեռ քաղաքական ուժերի կողմից չեղավ համարժեք արձագանք, ինչը կհանգեցներ հրաժարականի։

Արմինե Սիմոնյան