Առաջին միջգերատեսչական համաձայնագիրը Հայաստանի և Ուզբեկստանի միջև

Առողջապահության բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկօրյա այցով  Ուզբեկստանի Հանրապետությունում է: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունը։

Արսեն Թորոսյանը հանդիպել է Ուզբեկստանի առողջապահության նախարար Ալիշեր Շադմանովին: Գործընկերները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և ոլորտային հարաբերություններն ամրապնդելու համար ստորագրել են համաձայնագիր:

Նշենք, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև կնքված առաջին միջգերատեսչական համաձայնագիրն է, որի շրջանակներում նախատեսվում է խորացնել հարաբերություններն առողջապահական համակարգում կատարվող բարեփոխումների ճանապարհին` ընդլայնելով համագործակցության ուղղությունները:

Միաժամանակ, նախատեսվում է համալիր առողջապահական ծառայությունների տրամադրում, դեղագործական գործունեության ծավալում, ինչպես նաև գիտական և բժշկական կադրերի պատրաստում, առողջապահության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցության համակարգերի մշակում ու ներդրում: Աշխատանքներ կտարվեն նաև մոռացված և էլիմինացված հիվանդությունների կանխարգելման, հիվանդների, այդ թվում`հաշմանդամների բժշկական վերականգնման ուղղությամբ:

Առողջապահության նախարարը կարևորել է Ուզբեկստանի դերը Կենտրոնական Ասիայում, քանի որ, լինելով բնակչությամբ ամենամեծ երկիրը տարածաշրջանում, ունի մեծ պոտենցիալ` առողջապահական ոլորտային հարաբերությունների զարգացման տեսանկյունից: