Համագործակցության ընդլայնման հեռանկարներ եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափում

ԱԳ նախարարը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ

Հունիսի 4-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան`ընդգծելով, որ պարբերաբար տեղի ունեցող փոխայցելությունները և հանդիպումները նոր լիցք են հաղորդում հայ-կիպրական բազմաոլորտ համագործակցությանը և քաղաքական օրակարգի խթանմանը:

«Մեզ միավորում են քաղաքակրթական ամուր կապեր, որոնց հիմքում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունն է: Մեր պարտավորությունն է գործնական քայլեր ձեռնարկել մեր երկու երկրների միջև առկա հարաբերություններն առավել զարգացնելու և նշանակալիորեն առավել բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ»,- նշել է ԱԳ նախարար Մնացականյանը:

Որպես համագործակցության կարևոր ուղղություններ՝ զրուցակիցներն ի թիվս այլոց առանձնացրել են զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, էներգետիկ անվտանգության ոլորտները, որտեղ առկա են համագործակցության ընդլայնման հեռանկարներ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափում:

Ընդգծելով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության խորհրդարանական հարթակի ձևավորման կարևորությունը՝ կողմերը հույս են հայտնել, որ այն կարող է անհրաժեշտ շրջանակ ապահովել գործնական համագործակցության արդյունավետ զարգացման համար: Այս առնչությամբ զրուցակիցները գոհունակությամբ նշել են միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում ձևավորված սերտ համագործակցությունը, մասնավորապես ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման շուրջ գործադրվող համատեղ ջանքերը:

Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և կարևորել է այդ համաձայնագրի շրջանակներում Կիպրոսի հետ համագործակցության հնարավորությունները:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ: