Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:

Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը։

Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիար Սեդրակյանը անդրադարձել են Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի հայ համայնքներում տեղ գտած զարգացումներին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել Հայոց Եկեղեցու և տարբեր ազգային հաստատությունների կողմից ձեռնարկվող նախաձեռնություններին, շարունակվող սոցիալական, կրթական և զարգացման ծրագրերին: Մասնավոր քննարկման առարկա են դարձել Մայր Հայրենիքի զարգացման ներկա փուլում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված գաղափարները։

Անդրադառնալով աշխարհասփյուռ հայության կյանքում Եկեղեցու առաքելությունն առավել աշխուժացնելու և հզորացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին` Հայոց Հայրապետն ընդգծել է հոգևորականների պատրաստության ու վերապատրաստության կարևորությունը։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համայնքներում հոգևոր հովիվների պակասը լրացնելու առումով Նորին Սրբությունն իր գնահատանքն է փոխանցել ի դեմս տիար Սեդրակյանի` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը` հոգևոր կրթօջախների գործունեությանը աջակցելու, ինչպես նաև եկեղեցականների հետագա կրթությունն արտերկրի համալսարաններում ապահովելու համար:

Զրույցի ընթացքում հատկապես կարևորվել է Միածնաէջ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքներին աշխարհասփյուռ հայության, ազգային ու համայնքային հաստատությունների մասնակցությունը` իբրև միասնականության խորհրդանիշ։ Մտքեր են փոխանակվել Մայր Տաճարի հոգատարության և անխաթար պահպանման նվիրական գործում ազգային-եկեղեցական կյանքին իրենց մշտական զորակցությունը ցուցաբերող բարերար հայորդիների, ինչպես նաև Հայոց Եկեղեցու յուրաքանչյուր հավատավոր զավակի աջակցությունն ապահովելու վերաբերյալ։

Հայաստանում Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող բազմատեսակ ծրագրերի շարքում առանձնացվել է դպրոցահասակ երեխաների ու պատանիների համար Հայաստանի տարբեր քաղաքներում Հայորդյաց տների գործունեությունը: Ներկայումս ՀԲԸՄ աջակցությամբ իրականացվում է Երևանում Մալաթիայի Հայորդյաց տան հիմնանորոգության ծրագիրը:

ՀԲԸՄ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացնելով տարբեր համայնքներում իր հանդիպումների` ներառյալ օրերս Լիբանան կատարած այցելության մասին, շնորհակալություն է հայտնել Հայաստանում, Արցախում և Սփյուռքի համայնքներում հայապահպանությանը և հայկական մշակույթի պահպանությանն ուղղված ՀԲԸՄ բոլոր ձեռնարկներին Հայոց Եկեղեցու սպասավորների մշտական աջակցության համար։

Տիար Սեդրակյանը Վեհափառ Հայրապետի ուշադրությանը ներկայացրել է նաև Արցախում մեկնարկող մի քանի նոր ծրագրերի մանրամասները։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին` բարձրորեն գնահատելով Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին Միության կողմից ցուցաբերվող շարունակական զորակցությունը։