Որտեղից է գալիս հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման ազգակործան քարոզը

2016-ի ապրիլյան պատերազմից հետո թշնամին հերթական անգամ համոզվեց, որ հայ ժողովրդին անհնար է կոտրել, եթե նա միասնական է: Եվ այդ միասնականությունը կոտրելու համար գործի դրվեց երկիրը ներսից թուլացնելու, կազմաքանդելու մեթոդը`հայի ձեռքով, հայի դեմ: Մեխանիզմը շատ պարզ է՝ շրջանառվում են արհեստական գաղափարներ, որոնք երկրի ներսում ստեղծում են լարվածություն, ապա հանգեցնում պառակտման։ Ֆինանսական հոսքն էլ ապահովված է․Հայաստան են հոսում հսկայական ֆինանսներ՝ սորոսյան խողովակներով: Եվ քանի որ այդ խողովակներին տասնամյակներ շարունակ հմտորեն տիրապետել են ներկայիս իշխանության թիմում ընդգրկվածները, ստացվում է`երկիրը կազմաքանդելու պատվեր ստանում են հենց իշխանության մեջ եղողները:

Սրանք մարդիկ են, որոնք լինելով տարբեր ՀԿ-ների անդամներ, ներսում` դրսի պատվերով ծրագրեր են իրականացրել՝ տարիներով, դրանք չեն եղել պետական օրակարգեր, ավելին՝ ուղղված են եղել հենց պետության դեմ: Ու դժվար է անգամ պատկերացնել, որ նման մարդիկ կարող են այսօր պետական օրակարգ ձևավորել, պետականամետ քայլեր անել, դժվար է պատկերացնել, որ ի վիճակի են 180 աստիճանով փոխել իրենց տարիների մտածողությունն ու հոգեբանությունը:

Հայության միասնականության կազմաքանդմանն ուղղված մյուս գործիքակազմը հայաստանցի-ղարաբաղցի պիղծ եզրույթի շրջանառումն է։ Հիշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս արհեստական տարանջատումը սկսեց դեռևս արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, հայտարարելով, թե․«Նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել»: Նրան հետևեց Սասուն Միքայելյանը,  երբ հայտարարեց, թե․ «Այս հաղթանակը, որ տարաք դուք, ավելի կարևոր էր, քան ազատամարտը»․ Միքայելյանի այս խոսքերը  լուրջ քննադատության արժանացան։

Քայլ առ քայլ Փաշինյանը խորացրեց լարվածությունը, հասնելով նրան, որ շրջանառեց Արցախում «հակահեղափոխության և հեղափոխության օջախ ստեղծելու», ապա «դավադիր պատերազմ սկսելու, միտումնավոր տարածքներ զիջելու» ձևակերպումները։

Զարմացնող է այն, որ փորձելով պառակտել Հայաստանն ու Արցախը, ՀՀ վարչապետը դրական մեսիջներ ուղղեց արտաքին թշնամուն՝ դրական ֆոնի վրա ներկայացնելով Ադրբեջանն ու նրա ռազմատենչ նախագահին: Չնայած, այդպես էլ հարևան՝ ոչ բարեկամ երկրից չստացավ խաղաղության մասին և ոչ մի մեսիջ։

Նկատենք, որ Արցախում դավադիրներ փնտրել-գտնելու հարցում Փաշինյանի քաղաքականության համակիրները արմատական հեղափոխական դիրքերից հանդես եկող որոշ ներհայաստանյան ուժեր են, որոնք ևս դրսից են ֆինանսավորվում, ու պատրաստ են «դավադիրների» փնտրտուքում աջակցել Փաշինյանին: «Հայաստանցի-ղարաբաղցի» արհեստական պառակտման մեջ, մասնավորաբար, իր ակտիվ դերն ունի «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորումը:

Այսպիսով հայաստանցի-ղարաբաղցի պառակտումը զարգացնում են իշխանական հանդիսացող շրջանակները: Սրանց ծառայում են դրսի խողովակներից ֆինանսավորվող մի շարք լրատվամիջոցներ, որոնց էջերում հաճախ կհանդիպեք այսպիսի պառակտիչ ձևակերպումներ` «Արցախից ակտիվորեն միջամտում են ՀՀ կյանքին, «ներգրավված են ՀՀ ներքաղաքական կյանքում», «Արցախից ժամանակ առ ժամանակ միջամտել են Երևանում ընթացող ներքաղաքական իրադարձություններին» և այլն, և այլն:

Մի պարզ դիտարկում․ եթե Ալիևը երկու տասնամյակ շարունակ կիրառում է հայտնի տեխնոլոգիան՝ արտաքին թշնամու կերպար ստեղծելով փորձում է իր հասարակությանը համախմբել, ապա Հայաստանում այսօր ճիշտ հակառակ երևույթն է, Փաշինյանը թշնամիներ, հակահեղափոխականեր, դավադիրներ է որոնում ներսում` Հայաստանում ու Արցախում։

Հետևելով Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին, տպավորությունն այն է, որ Փաշինյանն ու Ալիևը բավականին սինխրոն են գործում: Այստեղ Փաշինյանը խոսում է «դավադիր պատերազմ սկսելու և միտումնավոր տարածքներ զիջելու» մասին, այնտեղից լսվում է ադրբեջանական արձագանքը, թե ճիշտ ժամանակն է պատերազմ սկսելու՝ Հայաստանում այն կբարդեն հակահեղափոխական դավադիրների վրա: Փաշինյանի գրեթե բոլոր ելույթները, մասնավորաբար, մայիսի 20-ինը, դարձել է ադրբեջանական մամուլի թոփ թեման, վերջիններս հրճվանքով հրապարակում են հոդվածներ այսպիսի վերտառությամբ`«Պատերազմ է Երևանի և Արցախի քաղաքական էլիտաների միջև»:

Երբ փորձում էի հասկանալ, թե այնուհանդերձ որտեղից է գալիս հայաստանցի-ղարաբաղցի տարանջատման ազգակործան քարոզը, նկատեցի հետևյալ փաստը․ պառակտիչ քարոզի ակունքները հասնում են անցած դարասկիզբ, հեղինակը Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնք 1921-ից շրջանառության մեջ են դրել այն։ Նպատակը շատ պարզ էր` թույլ չտալ, որպեսզի բոլշևիկյան իշխանության ձեռքով Հայաստանից պոկված հայկական երկու հատվածները` Արցախն ու Նախիջևանը, երբևէ վերամիավորվեն Մայր Հայրենիքին:

Փաստորեն, դեռ մեկ դար առաջ թշնամին մեր դեմ իրականացրել է տեղեկատվական դիվերսիա, որը վերաթարմացվեց 1990-ականներին՝ անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքով։ Իսկ այսօր այն մի նոր որակով է մատուցվում` Տեր -Պետրոսյանի գաղափարակցի՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ:

Այսպիսով, Փաշինյանն ու իր` սորոսականներից կազմված թիմը երկիրը կանգնեցրել են կառավարման ու բարոյական ճգնաժամի առաջ: Պետություն են քանդում և, եթե այս ճգնաժամային ընթացքը չկասեցվի`ճակատագրական է լինելու Հայաստանի ու Արցախի համար:

Արմինե Սիմոնյան