Իրավաբանը հանցագործության հատկանիշներ է նկատել Էջմիածնի քաղաքապետի հայտարարությունում

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ քաղաքապետարանը Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալության պայմանագիրը չի երկարաձգել. այսպիսով նա արձագանքել է այն քննադատությանը, թե քաղաքապետարանը 30 տարով երկարաձգել է այդ սրճարանի վարձակալության պայմանագիրը։ Նա ասել է, թե պայմանագիրը հնարավոր չէ ժամկետից վաղ լուծարել, ինչի համար էլ քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ։ Քաղաքապետը կոչ է արել բոյկոտել սրճարանի աշխատանքը՝ չգնելով այնտեղից նույնիսկ մեկ շիշ ջուր:

«Բոլորի համար պարզ է, որ ամառվա մի քանի ամիսներին այդ սրճարանը չի կարող նման եկամուտ ապահովել, որպեսզի տարեկան 7մլն դրամ վճարի բյուջե։ Օգտվելով առիթից ես ուզում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել՝ բոյկոտել այդ սրճարանի աշխատանքը, որևէ դեպքում, անգամ ամռան ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»,-ասել է քաղաքապետը։

«Հայց» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Տիգրան Գրիգորյանը անձագանքել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում արած կոչին։

Իրավաբանն  առերևույթ հանցագործության հատկանիշներ է նկատել մի քանի հայտարարություններում։

«Հայտարարության մեջ քաղաքապետը չի նշում, թե ինչքան տարածքի մասին է խոսքը, նշում է 23 հազար դրամի ու 7 մլն դրամի մասին։ Սա հսկայական տարբերություն է։ Քաղաքապետի հայտարարությունից ստացվում է այսպես. մենք հատուկ ենք բարձրացնում գինը, որ սրճարանը, որը շահույթ հետապնդող է, աշխատում է 3-4 ամսվա մեջ, նման շրջանառություն չունենա ու հրաժարվի նման պայմանով տարածքը վարձակալելուց։ Ստացվում է, որ իրենք գինն արհեստական բարձրացնում են, որ սրճարանը փակվի»,- մանրամասնում է փաստաբանը։

Գրասենյակի տնօրենի մոտ հարց է առաջացել, արդյոք քաղաքապետի նշած ու պահանջվելիք 7 մլն դրամը համապատասխանո՞ւմ է տարածքի կադաստրային գնին։

«Ենթադրենք, կադաստրային արժեքը կազմում է ոչ թե 7 մլն դրամ, այլ 2 մլն դրամ։ Եթե տնտեսվարողին նման առաջարկ արդեն իսկ արվել է, ապա կարելի է ասել, որ քաղաքապետի հայտարարությունն ու այդ գործողությունները կարող են դիտվել ընդհուպ Քրեական օրենսգրքի 308, 309 հոդվածներով նախատեսված հանցագործություններ՝ կամ դիրքի չարաշահում, կամ լիազորություններն անցնել, կարող են դրանք նաև համակցված լինել»,- նշել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 308 հոդվածը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 309 հոդվածը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելուն։

Այսպես,  քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը) պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»։

Դիանա Գասպարյանի հայտարարության մեջ առերևույթ առկա են նաև Քրեական օրենսգրքի 143 հոդվածի 2-րդ մասով (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը), ինչպես նաև 214 հոդվածով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) սահմանված հատկանիշներ։

Փաստաբան Տիգրան Գրիգորյանն ընդգծել է, եթե նույնիսկ վարձակալվող հողատարածքի կադաստրային գինը լինի 7 մլն դրամ, ապա այդ պարագայում պետք է խոսել ոչ թե քրեական, այլ քաղաքացիական պատասխանատվության մասին, ինչպես նաև էթիկայի հանձնաժողովն ասելիք պետք է ունենա։

«Տնտեսվարողն իր իրավունքները պաշտպանելու համար կարող է դիմել ընդհանուր իրավասության դատարան, ինչպես նաև վարչական դատարան, եթե էթիկայի հանձնաժողովը կամ այլ մարմին հրաժարվեն գնահատական տալ։ Այս ամենից բացի, քաղաքապետի հայտարարությունը կարող է դիտվել բիզնեսի նկատմամբ հետապնդում, երբ քաղաքապետը, լինելով պաշտոնատար անձ, հրապարակային կոչ է անում լսել իրեն ու տվյալ սրճարանից ոչինչ չգնել։ Եթե կոչից հետո տնտեսվարողի եկամուտը նվազի, օրինակ 200 հազարից դառնալով 80 հազար դրամ, ապա կարելի է նույնիսկ դիմել վնասի փոխհատուցման պահանջով»,-մանրամասնել է փաստաբանական գրասենյակի տնօրենը։