Ավագանու նիստերը լրագրողների համար պետք է նորից բաց լինեն

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԼՀԿ խմբակցության կողմից այսօր ԱԺ-ում քննարկման է ներկայացրել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ նախագիծը ներկայացվել է «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի հետ։

Անի Սամսոնյանի խոսքով՝ նախագիծը նախապատմություն ունի՝ կապված 2018թ․ փետրվարին Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանն իր հետ կոյուղաջուր էր բերել քաղաքապետարան։ Այդ միջադեպից հետո քաղաքապետի որոշմամբ նախագիծ էր ներկայացվել, որը սահմանափակում էր լրատվամիջոցների մասնակցությունը Երևանի ավագանու նիստերին, իսկ նիստերը պետք է ուղիղ հեռարձակվեին։

Ըստ Անի Սամսոնյանի՝ դրանից հետո ԼՀԿ-ն որոշեց ներկայացնել այդ սահմանափակումները չեղարկելու մասին երեք նախագիծ, քանի որ ուղիղ հեռարձակումները միշտ չէ, որ շարունակական են լինում և ցանկացած պահի ցանկացած միջամտությամբ լրագրողները կարող են զրկվել նիստերում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացված լինելուց։

«Քանի որ լրագրողական աշխատանքը նաև ստեղծագործական աշխատանք է, լրագրողները զրկվում էին բացառիկ տեսանյութեր ունենալու հնարավորությունից, մենք կարծում ենք, որ սա սահմանափակում է լրագրողի աշխատանքի համար»,-լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր խմբակցության ներկայացրած նախագծին՝ ասաց պատգամավորը։

Անի Սամսոնյանը նշեց, որ իրենք առաջարկում են, որ լրագրողների մուտքը նորից ազատ լինի, և նրանք անձամբ կարողանան մասնակցել ավագանու նիստերին։ Խմբակցությունն առաջարկում է նաև վերացնել Երևանի ավագանիում և քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրման պարտադիր պահանջը, որովհետև այն հակասում էր ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքին։

«Օրենքում ասվում է, որ քաղաքապետը ԶԼՄ-ների մասին սահմանված կարգով հաստատում է մամուլի ասուլիսների, ճեպազրույցների կարգերը, մինչդեռ ԶԼՄ-ների մասին օրենքով լրագրողին հավատարմագրելու իրավունք ունեն միայն պետական մարմինները։ Այսինքն՝ մինչև այժմ Երևանի ավագանիում լրագրողների հավատարմագրումը տեղի է ունեցել անօրինական. նրանք կարող էին չհավատարմագրել»,-ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ՏԻՄ ժողովրդավարությունը խթանելու համար պետք է նիստերը բաց լինեն բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան մասնակցել համայնքի խնդիրներին։