ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը՝ խորհրդարանում

ՀՀ ԱԺ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռուդոլֆ Մեխալկայի գլխավորած պատվիրակության հետ:  ՀՀ ԱԺ լրատվական ծառայության տեղեկացմամբ, զրուցակիցները քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Ռուդոլֆ Մեխալկան անդրադառնալով բանակցային գործընթացի հետ կապված հետագա քայլերին՝ առաջարկել է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպում:

Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում առկա արդյունավետ համագործակցությունը: Ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը: Պատգամավորն ընդգծել է, որ ցանկացած ձևաչափով քննարկում պետք է չհակասի Մինսկի խմբի եռանախագահության քաղաքական բառապաշարին և համանախագահների հայտարարություններին: Նրա խոսքով՝ Հայաստանը կողմնակից է հասարակություններին խաղաղության պատրաստելու նախաձեռնությանը: Միաժամանակ, Հայկ Կոնջորյանը կարևորել է Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալը:

Ի թիվս մի շարք այլ հարցերի՝ կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: