Փաշինյանին ուղղված բողոքի ճակատագիրը, կամ՝ ինչպես կառավարությունում Հայկին «սարքեցին» Հովհաննես

Սա արդեն Նիկոլ Փաշինյանի ձևավորած ու գլխավորած կառավարության վերաբերյալ նույնիսկ մեր և հայաստանյան հասարակության գնալով ստվարացող մասի պատկերացումներից էլ վեր է:

2019թ. դեռ ապրիլի 15-ին Գորիս քաղաքից «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմում-բողոք (վարչական բողոք) է հղել Արցախի Որոտան քաղաքի (նախկինում՝ Կուբաթլու) բնակիչ, ազատամարտիկ Հայկ Կիրակոսյանը: Դիմել է իր որդու իրավունքների կոպիտ խախտման հետ կապված մի խնդրով՝ ակնկալելով վարչապետի անհապաղ միջամտությունը:

«Հայփոստը» բարեխղճորեն կատարել է իր աշխատանքը, Կիրակոսյանի նամակն ապրիլի 17-ին հասցրել է ՀՀ կառավարություն: Ձեզ հավանաբար արդեն հետաքրքրեց, թե ինչպես է վարվել վարչապետը… Հավանական է, ազատամարտիկի դիմում-բողոքը նա ընդհանրապես չի էլ կարդացել: Հնարավոր է, որ Հայկ Կիրակոսյանի նամակը Փաշինյանին ընդհանրապես չի հասել, դրանով զբաղվել են կառավարության ինչ-որ չինովնիկներ կամ նրանցից ընդամենը մեկը:

Վերոնշյալը պարզելը, նախևառաջ, հենց վարչապետի խնդիրն է, և լավ կլինի, եթե Փաշինյանը մեզանից ավելի վաղ պարզի հանգամանքները, անձամբ կամ իր մամուլի քարտուղարի, կառավարության համապատասխան մեկ այլ աշխատակցի միջոցով տեղեկացնի, թե ՀՀ կառավարության համապատասխան պաշտոնյան (միգուցե՝ պաշտոնյաները) ինչո՞ւ է խախտել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը («Եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա դիմումն ստացած վարչական մարմինը եռօրյա ժամկետում դա վերահասցեագրում է իրավասու վարչական մարմին` ծանուցելով դիմողին»), Հայկ Կիրակոսյանի վարչական բողոքը ե՞րբ է վերահասցեագրել (արդյոք սահմանված եռօրյա ժամկետո՞ւմ…) և վերահասցեագրման վերաբերյալ դիմումատուին ինչո՞ւ չի ծանուցել:

Հայկ Կիրակոսյանն ապրիլի 15-ից սպասել է իր դիմում-բողոքի վերաբերյալ ՀՀ վարչապետի կամ կառավարության պատասխանին: Երբ մեկ ամիսն անցել է և այդ ընթացքում որևէ պատասխան չի ստացել, էլի երկու շաբաթ համբերել է, հետո ճարը կտրել է, հիվանդ կնոջը թողնելով Արցախում, ստիպված վեր է կացել, եկել Երևան: Երեկ՝ մայիսի 31-ին նա գնացել է կառավարություն, ըստ իր պատմածի, մտել ընդունարան, հետաքրքրվել իր բողոքի ճակատագրով: Երիտասարդ ինչ-որ մի աղջիկ նրա բողոքը չի գտել, Կիրակոսյանին ուղարկել է «Հայփոստ» ՓԲԸ, որպեսզի նա պարզի, թե «Հայփոստն» իր բողոքը հասցրե՞լ է կառավարություն, եթե այո, դրա վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ բերի:

Հայկ Կիրակոսյանը գնացել ու «Հայփոստ»-ից բերել է համապատասխան փաստաթուղթը: Ընդունարանի աշխատակցուհին էլի է որոնել ու, վերջապես, գտել, որ եղել է մի այդպիսի բողոք, բայց այն ՀՀ կառավարությունում, չգիտես ինչու, ձևակերպվել է Հովհաննես Կիրակոսյան անուն ազգանվամբ (նկատենք, որ խոսքը մեկ տառի վրիպակի մասին չէ, «Հովհաննես» անունը Կիրակոսյանի անունից ավել է 5 տառով): Բացի այդ, ՀՀ կառավարությունը բողոքող Հայկ Կիրակոսյանին, վերջինիս հավաստմամբ, չի ծանուցել իր բողոքի վերահասցեագրման վերաբերյալ, և միայն երեկ տվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի կողմից Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությանն ուղղված և առանց ամիս ամսաթվի փաստաթղթի (թիվ 14/14.7/18871-2019) պատճենը, որում գրված է. «Ձեզ է ուղարկվում քաղաքացի Հովհաննես Կիրակոսյանի դիմումը: Խնդրում ենք քննարկել և արդյունքների մասին հայտնել դիմողին»: Դատելով ամենից, ՀՀ կառավարությունում նախընտրել են վերոնշյալ գրության ամսաթիվը թաքցնել: Ու սա՞ է նոր Հայաստանը…

Որ Փաշինյանի կամ նրա համապատասխան ենթակաների նշանակումներով կառավարությունում պաշտոններ են ստացել անկապ, իրենց գործի մասին պատկերացում չունեցող ջահել-ջուհուլներ, ինչպես նաև անբարեխիղճ այլ անձինք (ասվածն, անշուշտ, բոլորին չի վերաբերվում), որոնք կարճ ժամանակից իրենց գործողություններով, ինչպես նաև անգործությամբ պետք է խախտեին ՀՀ օրենսդրության պահանջները, կառավարության բնականոն աշխատանքը, ստվերեին մեր երկրի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի հեղինակությունը, գիտեինք ավելի վաղ: Դրան դեռ չեն հավատում, Փաշինյանի հանդեպ չարախոսություն են համարում միայն նրան կուրորեն հավատացողները, որոնք նույնիսկ առկա փաստերի հետ չեն ցանկանում հաշվի նստել:

Հոգեբանները, քաղտեխնոլոգներն իրականության նկատմամբ այդպիսինների աչք փակելու փաստը հավանաբար կբացատրեն մարդկանց հոգու նուրբ լարերի վրա խաղալու, մանիպուլյացիոն հնարքներով նրանց ենթագիտակցության ու գիտակցության վրա ազդելու Փաշինյանի ձիրքով, որը ոմանց հասցրել է նույնիսկ նրա անձի պաշտամունքին: Բայց չէ՞ որ, ուշ թե շուտ, գալու է սթափվելու ժամանակը…

Ճիշտ է, ներկայացվածն ընդամենը մեկ դեպք է՝ արտաքուստ չնչին թվացող, բայց որևէ կասկած չունենք, որ կան բազմաթիվ այլ դեպքեր, որոնց վերաբերյալ եթե վարչապետին կամ կառավարության համապատասխան պաշտոնյաներին հարցեր տրվեն, ստիպված են լինելու կարկամել:

 

Արթուր Հովհաննիսյան