Երևանը հարստացավ ևս մեկ ժամանակակից զբոսայգով

Հունիսի 1-ին Երևանում վերջապես բացվեց Մաշտոցի պողոտայի զբոսահամալիրը։ Հիշեցնենք, որ այն երկար ժամանակ վերակառուցվում էր։ Աշխատանքները մեկնարկել էին դեռ նախկին քաղաքապետի պաշտոնավարման տարիներին։ Այգու բարեկարգումն ամբողջությամբ ստանձնել է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

Լուսային էֆեկտներով ցայտող շատրվանների ինքնատիպ կոմպոզիցիա, ժամանակակից մանկական խաղահրապարակներ և զբոսանքի գոտիներ, տարածքի ընդհանուր կանաչապատում և բարեկարգում. այս ամենն այսօրվանից հնարավորություն ստացան գնահատելու ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի ավագանու անդամներ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, ինչպես նաև քաղաքի բնակիչներ, հյուրեր:

«Նոր Երևան» համալիրի ընդհանուր տարածքը, որը զբաղեցնում է 20 000 քմ,  կանաչապատվել է: Զբոսայգում տնկվել են մոտ տասը հազար տնկիներ, այդ թվում՝ ծառեր, թփեր, ծաղիկներ և տարբեր տեսակի այլ բույսեր: Ամբողջ տարածքը հագեցած է տեսախցիկներով։ Զբոսայգու բարեկարգման գլխավոր շեշտադրումը եռաչափ պրոյեկցիայով ցայտող շատրվանների համալիրն է, որը թույլ է տալիս ստեղծել պատկերներ և անցկացնել ջրալուսային էֆեկտներով շոուներ երաժշտության ուղեկցությամբ: Շատրվանները բաղկացած են 600 ջրային շիթերից, որոնք ցայտում են մինչև 90 մետր բարձրությամբ և բարդ տեխնիկական շոուներ և հնարքներ ստեղծելու հնարավորություն տալիս: Բացի այդ, այցելուների հարմարավետության համար համալիրի տարածքում բացվել են հանրային սննդի կետեր՝ սրճարան և ռեստորան:

Սարյան-Մաշտոց հատվածում գտնվող նոր հանգստի գոտու բարեկարգման աշխատանքներն սկսվել են դեռևս 2015թ.: Շինարարության նախաձեռնողը և հովանավորը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է, որի հիմնադիր նախագահը Սամվել Կարապետյանն է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15 մլն ԱՄՆ դոլար։