Փաշինյանի քաղաքականությունը վտանգում է Հայաստանը

Երբ ընդդիմադիր գործիչը փողոցից, հանրահավաքային հարթակներից, իսկ հետո նաև՝ խորհրդարանական ամբիոնից հնչեցնում է անհավասարակշիռ հայտարարություններ ու  իրականության հետ կապ չունեցող կեղծ գնահատականներ, դրանից տուժում է ընդամենը սեփական հեղինակությունը, նվազում այն քաղաքական ուժի կամ թիմի վարկանիշը, որի անդամն է ինքը։ Քաղաքական շոուի սիրահարների համար՝ նման ընդդիմադիրի կերպարը երբեմն ընդունելի է, անգամ ցանկալի, այն ընկալելի է նաև դրսի համար․ գուցեև այն պարզ պատճառով, որ ժողովրդավարություն կոչվածի դեմքը նաև՛ այդպիսին է․․․

Ընդդիմադիրի այդ տեսակը պետության համար մեծ վտանգ չի ներկայացնում մինչև այն պահը, երբ նա պետություն չի ներկայացնում: Մինչդեռ ամեն ինչ փոխվում է, երբ իրավիճակների բերումով, հենց ա՛յդ տեսակն է գալիս իշխանության, դառնում երկրի թիվ մեկ քաղաքական ֆիգուր, տվյալ դեպքում՝ վարչապետ։

Եվ ուրեմն, այն պահից, երբ ընդդիմադիր Փաշինյանը ստանձնեց երկրի ղեկը, նրա ցանկացած անհավասարակշիռ քայլ, հնչեցրած խոսք այլևս դրսում դիտվեց ոչ թե ընդդիմադիր գործիչի՝ օդում ասած անլուրջ միտք, այլ Հայաստան պետության գնահատական ու դիրքորոշում:

Մեկ տարի Հայաստանի վարչապետի պաշտոնն իշխանափոխությամբ վերցրած անձն այդպես էլ չի կարողանում ձերբազատվել ընդդիմադիր գործիչի իր անհավասարակշիռ  կերպարից։ Չնայած, դեռ հարց է՝ չի կարողանո՞ւմ, թե՞ չի ուզում․ գուցեև նրան ուղղորդող ուժերի համար նախընտրելի՞ է Փաշինյանի հենց ա՛յդ կերպարը․․․

Իրավիճակը խիստ մտահոգիչ է, մասնավորաբար, արտաքին քաղաքական դաշտում, որտեղ քայլ առ քայլ Փաշինյանը գրանցում է հերթական պարտությունները։ Ընդգծենք՝ այդ պատությունները Փաշինյանինը չեն, դրանք Հայաստանինն են:

Տանուլ ենք տալիս բոլոր ուղղություններով՝ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի, ԱՄՆ-ի ու Բրյուսելի,  հարևան Իրանի հետ հարաբերություններում․ մեզ չեն հասկանում, մեզ չեն վստահում՝ ամենուր․․․

Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի՝ արձանագրենք մի քանի փաստ:

Բազմիցս է ասվել՝ Փաշինյանի քաղաքականության արդյունքում ՀՀ-ն կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Յուրի Խաչատուրվի դեմ քրեական գործ հարուցելիս  Փաշինյանն իր անհեռատեսությամբ անտեսեց մի շարք հանգամանքներ: Նախ, որ այդ քայլը կարող է անդրադառնալ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վրա,  Հայաստան – Ռուսաստան հարբերությունների վրա, ի վերջո, ՀԱՊԿ հեղինակության վրա: Դժվար է, իհարկե, կարծել, թե  նա այս ամենը չէր գիտակցում․․․

Փաշինյանի քայլը երկիրը դուրս դրեց ՀԱՊԿ քաղաքական ակումբի շրջանակներից, նա դարձավ անվստահելի անձ՝ իրենով անվստահելի դարձնելով Հայաստանը: Ու չնայած հետո փորձեց սրբագրել, մեղմել իրավիճակը, (օրինակ, Սիրիա զորք ուղարկելով), փորձեց  վստահություն շահել,  սակայն, ինչպես ասում են՝ գնացքն արդեն գնացել էր․․․

Ու նրա հայտարարություններն անհետևանք չմնացին․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը 50-երրորդական  համարող Փաշինյանին այսօր ՀԱՊԿ-ում չեն վստահում ու չեն ներում, և տարբեր առիթներով արտահայտում են իրենց անվստահությունը Հայաստանի վարչապետի հանդեպ:

Դրա ականատեսը եղանք օրերս․ Ղազախստանի մայրաքաղաքում այդպես էլ չկայացավ  Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև, նախապես խոստացված, հանդիպումը, իսկ Ղազախստանն անմեդալ թողեց  Փաշինյանին:

ԵԱՏՄ-ում ևս չեն մոռացել ընդդիմադիր Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ հնչեցրած թեզերը․ «ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է. գազը կանջատեն, թուրքերին բաց կթողեն մեր վրա», «ԵԱՏՄ-ն Հայաստանին, բացի վնասից, օգուտ չի բերել», «ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել» և այլն:

Իսկ վարչապետ եղած ժամանակ, Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում, Փաշինյանն այսպես անկեղծացավ․ «Երբ պատգամավոր էի, դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ին անդամակցությանը, դա սխալ որոշում եմ համարել»՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով իր իրական վերաբերմունքը ԵԱՏՄ հանդեպ: Սրանից հետո Փաշինյանի բոլոր արդարացումներն ու փորձերը՝ փարատել ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների մտավախությունները, թե ջանք չի խնայի ու ԵԱՏՄ-ն առավել արդյունավետ կդարձնի, այլևս չօգնեցին, նա այդպես  չընկալվեց որպես յուրային, մնաց  օտար ու անվստահելի նաև ԵԱՏՄ-ում:

Փաշինյանական Հայաստանի  գործերը լավ չեն նաև ԱՄՆ հետ հարաբերություններում,  Բրյուսելում: Այստեղ էլ չեն մոռացել՝  «Հայաստան-ԵՄ  համաձայնագիրը ջուր է, կամ ԱՄՆ-ին իրենից լավ քննադատող չի եղել»՝  նրա անհեռատես հայտարարությունները: 

Փաստ է, որ մեր  արտաքին հարաբերությունները շարունակվում են  կառուցվել փողոցային պայքարի տրամաբանությամբ:

Արտաքին քաղաքականության մեջ փաշինյանական բացթողումներին գումարվում է մեր ազգային թիվ մեկ հարցում՝ արցախյան հիմնախնդրում նրա ու իր թիմի ռազմավարության, մարտավարության սնակությունը: Արցախում «դավադիր պատերազմ սկսելու և միտումնավոր տարածքներ զիջելու», Փաշինյանի՝ մեղմ ասած,  անզգույշ ձևակերպումը, ընդամենը ժամեր անց, հակառակորդն օգտագործեց մեր դեմ։ Ադրբեջանական մամուլը հրճվում էր՝ «պատերազմ է Երևանի և Արցախի միջև» ։ Չուշացան նաև ադրբեջանցի վերլուծաբանների հետևությունները, թե Ադրբեջանը կարող է վերսկսել պատերազմը և այն բարդել Հայաստանի նախորդ իշխանության վրա։

Այս ամենից՝ հետևությունը մեկն է՝ Հայաստան պետության ղեկին հայտնվել է մեկը, ում  ապաշնորհ քաղաքականությունը  վտանգում է Հայոց պետականությունը։

Համախմբման պահն է, քանզի նժարին մեր երկրի ճակատագիրն է։

 

Արմինե Սիմոնյան