Զելենսկին և իր հանրաքվեն

Դեռևս նախընտրական փուլերում Ուկրաինայի նախագահի թեկնածու Վ. Զելենսկին բազմիցս անբարեհունչ արտահայտություններով է խոսել Ռուսաստանի և այդ երկրի ղեկավարության մասին, ինչը բազմաթիվ քաղաքագետներ մեկնաբանում էին որպես ընտրական հնարքի կիրառում: Զելենսկին միաժամանակ նշում էր, որ միայն Ռուսաստանի հետ բանակցությունների միջոցով է հնարավոր կայուն խաղաղություն ձեռք բերել Ուկրաինայի հարավ-արևելյան տարածքներում՝ որպես ելակետ համարելով երկրի տարածքային ամբողջականության պահպանման անվիճելիությունը (ներառելով Ղրիմի թերակղզին):

Այժմ Զելենսկին արդեն ընտրված ու գործող նախագահ է, ու կարծես թե անմիջապես ձեռնամուխ է եղել խաղաղության հաստատման իր նախընտրական խոստման իրականացմանը՝ Ռուսաստանին որպես նախապայման առաջադրելով Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ձերբակալված ուկրաինացի նավաստիների ազատ արձակումը, իսկ Ռուսաստանի հետ բանակցությունների հարցն առաջարկում է որոշել համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Թվում է, թե էլ ի՞նչ նախապայմանների մասին կարող է խոսք գնալ, եթե բանակցային գործընթաց սկսելու մասին որոշումն իր լիազորությունների շրջանակից հանում է (այս մասին քիչ ուշ):

Ի պատասխան, Ռուսաստանը՝ հանձինս արտգործնախարար Ս. Լավրովի, առաջարկում է պահպանել Մինսկի համաձայնագրի դրույթները և անցնել «բոլորը բոլորին» փոխանակման սկզբունքին: Այսինքն՝ սկսվում է նախապայմանների դասական խաղ, որում կողմերը ակնկալում են ընդդիմադրի սխալվելը: Այդ ընթացքում ուկրաինական կողմը դիմել է ԱՄՆ-ի վարչակազմին՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու ու ընդլայնելու խնդրանք-պահանջով, ինչն, իբր, ավելի զիջող պետք է դարձնի ռուսական կողմին ու ստիպի համաձայնվել բանակցությունները սկսելու ուկրաինական տարբերակի հետ: Ինչևէ, սա ձգձգվող ու անհեռանկարային գործընթաց է:

Ինչ վերաբերվում է վերոնշյալ հանրաքվեին, թեև ժողովրդի դատին ներկայացվող հարցերի ձևակերպումները դեռ հստակեցված չեն, բայց Զելենսկու աշխատակազմի ղեկավար Ա. Բոգդանն արդեն հասարակության մեջ որոշակի տրամադրություններ ամրագրող ձևակերպումներով է հանդես գալիս. «Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության ու Ռուսաստանի կողմից ագրեսիայի վերաբերյալ պայմանավորվածությունները պետք է գնահատվեն հասարակության կողմից»:

Հանրաքվեին բարձրացվող հարցի կամ հարցերի մասին որոշ պատկերացումներ են տալիս նաև այդ երկրում վերջերս կայացած սոցիոլոգիական հարցումները: Այսպես, հարցվածների մոտ 65 %-ը դրական պատասխան են տվել այն հարցին, թե Ուկրաինան արդյոք պե՞տք է գնա զիջումների՝ տարածքների վերադարձման ու խաղաղության վերականգնման համար (հետաքրքիր է, թե այս դեպքում ինչ զիջման մասին է խոսքը), իսկ հարցվածների կեսը համարում են, որ Դոնեցկի ու Լուգանսկի կարգավիճակի հարցը պետք է որոշվի կրկին համաուկրաինական հանրաքվեի միջոցով: Այս ամենն այնքան ծանոթ ու անիրականանալի է, որ պարզապես դառնում է զավեշտական:

Ընտրությունների ժամանակ Զելենսկուն հանրության ավելի քան 73 %-ոց աջակցությունը հիմնականում պայմանավորված էր Պորոշենկոյի գլխավորությամբ նախկին վարչակազմին դուրս նետելու հանրային մղումներով՝ մերժի՛ր Պորոշենկոյին: Նման տրամադրությունները գրեթե համաչափ բաշխվածություն ունեին երկրի ամբողջ տարածքում: Այժմ հարցը սկզբունքորեն այլ է և դժվար է նմանատիպ՝ մեծամասնության միակամությունն արտահայտող արդյունք ակնկալել (իհարկե, շատ բան պայմանավորված է հարցադրումների բովանդակությամբ): Հետաքրքիր է, թե հանրաքվեի ինչպիսի արդյունքի դեպքում ինչ վարք կորդեգրեն Զելենսկին ու իր թիմը: Եթե Ռուսաստանի հետ բանակցային գործընթաց սկսելու մասին դրական պատասխանեն մասնակիցների մինչև քառորդը (ինչն, իհարկե, գրեթե անհնար է), ապա՝ «Մերժի՛ր Ռուսաստանին»: Եթե խնդրո առարկայի կողմնակիցները գերազանցեն երեք քառորդը, ապա Զելենսկին հանրային ամուր թիկունքով կոշտ պահանջներ է ներկայացնելու Ռուսաստանին (հատկապես, եթե հանրաքվեի ընթացքում շոշափվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության խնդիրը): Իսկ եթե ձայները կիսվեն…

Տարբերակները շատ են, ուրեմն շատ են նաև մանևրելու հնարավորությունները՝ առավել ևս, որ ենթադրյալ հանրաքվեին առաջադրվող հարցադրումները բավական մեծ երկիմաստություն են պարունակելու:

 

Լևոն Անդրիասյան