Ո՞վ է ստում՝ Փաշինյա՞նը, թե ռուս պաշտոնյաները, և ի՞նչ են ակնարկում Հայաստանին ԵԱՏՄ երկրները

Երեկ Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի ղեկավար։ Նիստը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին: Նուր Սուլթան էին ժամանել նաև ՌԴ, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները։ Հանդիպման օրակարգը բավականին հագեցած է եղել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությոնից, նիստի ժամանակ քննարկվել են 2018թ. ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրագործմանը, 2019-2020թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր: Ստորագրվել են ԵԱՏՄ մասին մի շարք պայմանագրերում փոփոխությունների իրականացման արձանագրությունները: Քննարկվել են ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև առևտրային համաձայնագրերի կնքման արդյունքում արձանագրված արդյունքները և հետագա անելիքները:

Երեկ նաև Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշանակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահի պաշտոնում, ինչի մասին հայտարարվել է հոբելյանական նիստի ժամանակ: Հայտնի է, որ կառույցի պատվավոր նախագահի պաշտոնում Նազարբաևին նշանակելու առաջարկով է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի ստեղծման գործում քաղաքական գործչի ունեցած մեծ ավանդը:

Ավելի ուշ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իր հրամանագրով Նուրսուլթան Նազարբաևի անվան շքանշաններով է պարգևատրել ՌԴ, Բելառուսի և Ղրղզստանի նախագահներ Վլադիմիր Պուտինին, Ալեքսանդր Լուկաշենկոյին և Սորոնբայ Ժեենբեկովին: Ղազախստանի նախագահի կայքում նշվում է, որ Պուտինն արժանացել է պարգևին եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի և ԵՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև երկու երկրների միջև գործակցության խորացման և ընդլայնման գործում հատուկ ավանդի համար:

Միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին որևէ շքանշան չի շնորհվել, ինչն էլ հայ հասարակության շրջանում տարբեր խոսակցությունների և մտահոգությունների տեղիք է տվել։ Որոշ շրջանակներում Նուր-Սուլթանում Փաշինյանի նկատմամբ նման «զրո ուշադրությունը» որպես Հայաստանի նկատմամբ վիրավորական կամ նախազգուշացնող վերաբերմունք է դիտարկվել։ Իրադարձություններից առաջ ընկնելով՝ Հայաստանում անգամ գրում էին, որ Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է նման վերաբերմունքից, մանավանդ որ չի կայացել նաև Պուտին-Փաշինյան բարձր մակարդակի հանդիպումը և շուտափույթ լքել է Նուր Սուլթանը, ինչը հետագայում հերքեց վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Ղազախստանի մայրաքաղաքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետն, անդրադառնալով նախագահների պարգևատրմանը և իր վիրավորված լինելու մասին լուրերին, ասել է, որ ԵԱՏՄ հնգամյակի առիթով իրեն մեդալով պարգևատրելը տարօրինակ կլիներ՝ հավանաբար նկատի ունենալով, որ ինքն ընդամենը մեկ տարի է, ինչ զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Բայց եթե այդպես է, ապա նույն սկզբունքով Ղրղզստանի նախագահը պետք է չպարգևատրվեր, քանի որ նա էլ 2017թ. նոյեմբերից է դարձել երկրի նախագահ:

Սրան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ մեդալի չարժանանալն այն հարցը չէ, որի վերաբերյալ ՀՀ վարչապետը պետք է մեկնաբանություն հնչեցնի, քանի որ ԵԱՏՄ-ում ավելի լուրջ ու կարևոր հարցեր կան։ Մյուս կողմից էլ, Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ եթե վարչապետը մեկնաբանում է այդ հարցը, նշանակում է որոշակի անհարմարություն է զգացել։

«Նախ, կարծում եմ՝ սա այն հարցը չէ, որի վերաբերյալ ՀՀ վարչապետը պետք է մեկնաբանություն հնչեցնի: Կան շատ ավելի լուրջ ու կարևոր հարցեր հենց ԵԱՏՄ-ում:

Երկրորդ, եթե մեկնաբանում է, նշանակում է որոշակի անհարմարություն է զգացել և դա հեչ լավ չէ:

Եվ վերջապես, եթե տարօրինակ է 5 տարի չաշխատած մարդուն 5-ամյակի մեդալ շնորհել, էդ ինչպե՞ս եղավ Ղրղզստանի նախագահը ստացավ այդ մեդալը, չնայած նրան, որ ընդամենը 2017թ. նոյեմբերին է դարձել երկրի նախագահ:

Հ.Գ.
Կարիք չկա՝ ամեն աննշան հարցին լուրջ պատասխաններ փնտրել: Դա անլրջացնում է խոսքը»,-գրել է ՀՀԿ խոսնակը:

Նուր Սուլթանի հայաստանյան ստորջրյա խութերից մեկն էլ այն էր, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ չկայացավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որն ակնկալվում էր մինչև վարչապետի՝ Ղազախստան մեկնելը։

Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն օրեր առաջ Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը (Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ) հայտնել էր, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի գագաթնաժողովին կկայանա Փաշինյանի և Պուտինի հանդիպումը:

Իսկ երեկ էլ ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հարցով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը պատասխանելով լրագրողի հարցին, թե, այնուամենայնիվ, ինչու չկայացավ ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը, ասել է, որ դա կարող է հանգամանքների հետևանք լինել։ Ինչպես նշված է Ռուսարմինֆոյի հրապարակման մեջ, պատգամավորն ասել է, որ հավանաբար ինչ-ինչ խանգարող հանգամանքներ են եղել, որոնց պատճառով էլ հանդիպումը չի կայացել։ Ամեն դեպքում Կալաշնիկովը չի հերքել, որ նման հանդիպում նախատեսված է եղել։

«Դրա պատճառն ինչ ասես կարող է լինել, բայց, ամենայն հավանականությամբ, որոշ հանգամանքների բերումով է հանդիպումը հետաձգվել, քանի որ մեր նախագահը, եթե ինչ-որ բան նախատեսում է, սովորաբար իրականացնում է: Ուրեմն եղել են որոշ հանգամանքներ, որոնք իսկապես խանգարել են հանդիպման կայացմանը: Դրանում պետք չէ դավադրություն փնտրել: Շատ ավելի հավանական է, որ ամեն ինչ պարզապես այդպես ստացվեց, առավել ևս, որ հոկտեմբերին սպասվում է Պուտինի պաշտոնական այցը Հայաստան: Ես չեմ կարծում, որ դրանում կանխամտածվածություն կա»,- ասել է պատգամավորը «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում:

Լեոնիդ Կալաշնիկովը նաև հավելել է, որ միջադեպը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, և պետք չէ այն ներկայացնել և դիտարկել որպես Ռուսաստանի նախագահի կողմից «թշնամական գործողություն»:

Այնինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր Սուլթանում լրագրողների հետ զրույցին խոսելով այդ մասին՝ հայտնել է, թե օրակարգով նման բարձր մակարդակի հանդիպում նախատեսված չի եղել։

Թագուհի Ասլանյան