Գործադիրն ավելացրեց անվճար բուժօգնություն ստացողների թիվը

Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը՝ ասաց, որ անապահով ընտանիքները` շուրջ 200 000 մարդ, պոլիկլինիկաներից անվճար դեղորայք կստանան։

Կառավարության որոշմամբ այսօր հաստատվել է երեք նոր նախաձեռնություն. ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամները`շուրջ 200 հազար մարդ, պոլիկլինիկաներից անվճար դեղորայք կստանան:

Նախագծով ավելացվում է նաև երկու նոր հիվանդություն, որոնք նախկինում չեն փոխհատուցվել՝ հիպոֆիզային գաճաճություն և վիրուսային հեպատիտ C հիվանդությունը, որոնց առկայության դեպքում պետության կողմից դեղերը պացիենտներին կտրամադրվեն անվճար։ Այս երկու հիվանդությունների փոխհատուցումը կկատարվի 2020 թվականից։

«Հնարավոր է, որ հեպատիտ C-ի փոխհատուցումն այս տարվանից սկսվի՝ կախված մեր տնտեսումներից, եթե այս տարի գնումների արդյունքում լինեն տնտեսումներ։ Գաճաճության համար հավելյալ կնախատեսվի 90 միլիոն դրամ, հեպատիտ C-ի համար՝ 85 միլիոն դրամ»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Կառավարությունը հաստատեց նախարարի առաջարկը` անվճար բուժօգնություն ստացողների թիվն ավելացնելու վերաբերյալ։