Տասնյոթ նախարարների կազմով գործադիրի նիստ վերջին անգամ է գումարվում

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ գործադիրի կառուցվածքի ու գործունեության մասին նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել և հավելեց, որ դրա արդյունքում կառավարությունն այսօր վերջին անգամ է 17 նախարարների կազմով նիստ գումարում։

«Նրանք, ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, ուզում եմ հաջողություն մաղթել։ Նրանք, ովքեր չեն շարունակի իրենց աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Նաև ուզում եմ համոզված ասել, որ այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արվել են, շատ երկար քննարկվել են, վերլուծվել են, դիտարկվել են, և մենք համոզված ենք, որ դա ճիշտ որոշում է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը վստահություն հայտնեց, որ փոփոխությունների արդյունքում մեծանալու է կառավարության աշխատանքի արդյունավետությունը։