ՀՀ –ում ապրիլին ունեցել ենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ

Այսօր կառավարության նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սկսեց Ազգային վիճակագրական ծառայության մայիսի 27-ին հրապարակած՝ ապրիլ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները ներկայացնելով։

«Չորս ամսվա տվյալներով` ՀՀ–ում տնտեսական զարգացումը դրական ու լավատեսական դինամիկա ունի։ Ըստ հրապարակված տվյալների` ապրիլին մենք ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ` ՀՆԱ–ի 7,1 տոկոս աճ կա։ Սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է կապիտալ ծախսերի ու ներդրումների միջոցով խթանել այդ լավ տրամադրությունն ու ավելի լավ ցուցանիշների հասնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ նույն վիճակագրական տվյալների համաձայն` նույն

ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2 տոկոսով։ Շինարարության ոլորտում աճը, ըստ Փաշինյանի, ցանկալիից ու սպասվածից ցածր է, բայց հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակը վարչապետին թույլ է տալիս ենթադրել, որ այդ ոլորտում աճը կհասնի ցանկալի արդյունքի։

Առևտրի շրջանառությունն ավելացել է 9 տոկոսով, ծառայությունների ծավալը` 16,2 տոկոսով, արտահանման ծավալները` 9,9 տոկոսով։

Այս վերջին ցուցանիշը, ըստ Փաշինյանի, ուրախալի է, քանի որ տարեսկզբին արտահանման ցուցանիշները մտահոգել էին կառավարությանը։

Միջին աշխատավարձի որոշակի դինամիկա ևս կա։ Բայց Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ կառավարության վարած քաղաքականության արդյունքում այն ավելի մեծ աճ կունենա ու կընդգրկի նաև մասնավոր ոլորտը։

Շարունակելով տնտեսական ցուցանիշների թեման` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ արտահանման ոլորտում վիճակագրությունը բարելավվել է հատկապես «Արմենալի» աշխատանքի շնորհիվ, որն այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ արտահանման 40 տոկոս աճ է ունեցել։ Նախարարը հույս հայտնեց, որ այս դրական դինամիկան կշարունակվի նաև տարվա ընթացքում։

Ավելացել են ծխախոտի արտահանման ծավալները։ Ոսկերչական արտադրանքի արտահանումը ևս աճել է։ Ավելացել են նաև գինու, կոնյակի արտահանման ծավալները։

Փոխարենը նվազել է հանքարդյունաբերական արտադրանքի արտահանումը` 7 տոկոսով։

Ավարտելով տնտեսության թեման` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև օրս կառավարության աշխատանքը կենտրոնացած էր տնտեսության վրա, բայց բարեփոխումներն ամբողջացնելու համար այսուհետ պետք է աշխատել նաև այլ ոլորտներում առկա խնդիրները լուծելու համար։