ԱԳՆ-ում քննարկվել են հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի տարբեր ոլորտներին առնչվող համագործակցության հեռանկարները

Մայիսի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Բուշ-դյու-Ռոնի Դեպարտամենտային խորհրդի առաջին փոխնախագահ Պատրիկ Բորը և Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Կողմերը բարձր են գնահատել տարբեր ոլորտի ներկայացուցիչներից կազմված քառասուն հոգանոց պատվիրակության այցելությունը Հայաստան և  այցի շրջանակներում անցկացվող տարբեր հանդիպումները, ինչը լավ հնարավորություն է տեղում քննարկելու հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի տարբեր ոլորտներին առնչվող համագործակցության հեռանկարները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ներկայացուցչական պատվիրակության այս այցն արտացոլում է հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմաբովանդակ էությունը, որը մշտապես աչքի է ընկել առավել խորը փոխգործակցությամբ և երկու երկրների ժողովուրդների միջև ավանդական սերտ կապերով:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական օրակարգի մի շարք հարցերի՝ զրուցակիցները որպես համագործակցության կարևոր ուղղություն առանձնահատուկ ընդգծել են բիզնես շրջանակների միջև կապերի խրախուսումը, տեղեկատվական տեխնոլոգիաների, ստարտափերի, նորարարական և ստեղծագործ կրթության ոլորտում համատեղ նախագծերի նախաձեռնումը:

Երկուստեք կարևորվել է հայ համայնքի կարևոր դերակատարությունը Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում, որը նաև ամուր կապող օղակ է երկու բարեկամ երկրների միջև։

Զրուցակիցներն առանձնահատուկ կարևորել են ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումն ու զարգացումը՝ որպես երկկողմ օրակարգի առավել հարստացմանն ուղղված քայլ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ այդ համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների հետ շարունակական համագործակցությունը:

Զրուցակցի խնդրանքով՝ նախարար Մնացականյանը հակիրճ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: