Պատասխանը հենց Փաշինյանի, նրա քաղաքական թիմակիցների և աջակիցների ելույթներում և այլ գործողություններում է

Աստվածաշունչը մեզ զգուշացնում է. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կործանվում»:

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»,- ներկա ու գալիք սերունդներին պատգամել է Եղիշե Չարենցը:

Դժվար է պատկերացնել, թե Աստվածաշունչը կարդացած, իբրև քրիստոնյա և հայ գրականության սիրահար ներկայացող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ աստվածաշնչյան վերոնշյալ իմաստնությանը և Չարենցի պատգամին:

Փաշինյանը ու նրա քաղաքական թիմակիցները՝ հանձին հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության, որոնք ՀՀ-ում իշխող քաղաքական ուժն են ներկայացնում, չեն կարող չգիտակցել, որ Հայաստանը և Արցախը միայն ներքին կայունության շնորհիվ կարող են դիմակայել ռազմական և արտաքին քաղաքական մարտահրավերներին:

Նրանք չեն կարող չգիտակցել, որ հասարակությանը յուրայինների և ոչ յուրայինների, հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանելով պառակտելը, Հայաստանում և Արցախում բնակչության մի մասին մյուսի դեմ տրամադրել- հանելը, թշնամացնելը, Հայաստանում և Արցախում, ինչպես նաև ՀՀ-ի և ԱՀ-ի հասարակական ու քաղաքական շրջանակների միջև լարումներ առաջացնելը կամ, թեկուզ, վերոնշյալ քայլերը չկասեցնելով, չդատապարտելով, իրավապահ մարմինների առջև գոնե սպառնալիքների հեղինակներին ու բռնության կոչ անողներին քրեական պատասխանատվության կանչելու պահանջ չդնելով, դրանց տոն տալը նշանակում է թշնամու՝ Ադրբեջանի համար հասունացնել Արցախ և Հայաստան ներխուժելու հարմար պահը, այսինքն՝ կատարել իր հետևանքներով պետական դավաճանությունից չտարբերվող արարք: Իսկ այդ ամենը գիտակցելով հանդերձ, ինչպե՞ս են վարվում նրանք…

Պատասխանը հենց Փաշինյանի, նրա քաղաքական թիմակիցների և աջակիցների ելույթներում ու մյուս գործողություններում է: Այդ թվում նաև՝ ՀՀ վարչապետի մի խումբ աջակիցների կողմից Երևանի Ազատության հրապարակում ս. թ. մայիսի 25-ին կազմակերպված-իրականացված հանրահավաքում հնչած ոմանց ելույթներում՝ ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ի պաշտպանություն նրա նախաձեռնած քայլերի և հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի:

Ի դեպ, այս վերջինի մասով կեղծիքն, իհարկե, ակնհայտ է: Հանրահավաքի նպատակը Հայաստանի դատական համակարգի անկախությունն ապահովելը կամ դրան հասնելը չէր: Հակառակ պարագայում դրա կազմակերպիչները, հանրահավաքում ելույթ ունեցողները պետք է, առաջին հերթին, դատապարտեին ՀՀ դատական համակարգի անկախության դեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության ոտնձգությունը՝ արտահայտված ՀՀ բոլոր դատարանների մուտքերը շրջափակելու Փաշինյանի կոչով, դատավորների, դատարանների նկատմամբ կոպիտ ճնշում գործադրելու գործողություններով, ՀՀ կառավարությունում Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի ելույթում ՀՀ դատավորների, դատարանների, դատական համակարգի կամ իշխանության անկախությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից կախման մեջ դնելով, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի և կառավարության անդամների կողմից այդ ամենը չդատապարտելու փաստով:

 

Արթուր Հովհաննիսյան