ՀԱՊԿ-ն ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է․ ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետը հանդիպել են Ստանիսլավ Զասի հետ

Երեկ՝ մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, որը Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական նիստի ժամանակ ընդունված որոշմամբ առաջադրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու` 2020թ. հունվարի 1-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար:

Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը շեշտել է ՀԱՊԿ-ի կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում: Անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին` Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է անդամ-պետությունների միջև սերտ համագործակցության միջոցով կառույցի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման կարևորությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Բիշկեքում կայացած ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի արդյունքներով հնարավոր եղավ համաձայնության գալ ինչպես գլխավոր քարտուղարի թեկնածուին՝ Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու և նրա պաշտոնավարման ժամկետի, այնպես էլ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքերում իրավական բացի լրացման ուղղությամբ աշխատանքների իրականացման ժամկետների շուրջ։

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ կառույցի գլխավոր քարտուղարը իր լիազորությունների շրջանակներում պետք է առաջնորդվի Կազմակերպության հիմնարար փաստաթղթերով, բոլոր անդամ պետությունների ու կառույցի ընդհանուր շահերով և քաղաքական գծով, ղեկավարի քարտուղարության բնականոն գործունեությունը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Զասը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունը Բիշքեկում ԱԳՆԽ նիստի արդյունքում ՀԱԽ-ի նիստին ներկայացնելու համար և վստահեցրել, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու դեպքում հետևողականորեն հանդես է գալու ՀԱՊԿ-ի անդամ բոլոր երկրների անվտանգության շահերի պաշտպանության դիրքերից։

Իսկ այսօր Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նշել է, որ ՀԱՊԿ-ը ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկն է, Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքով։

նչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Վարչապետը ողջունել է հյուրերին` կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը: «Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: ՀԱՊԿ-ն հանդիսանում է ՀՀ անվտանգության համակարգի կարևորագույն տարրերից մեկը, և Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում: ՀԱՊԿ գործունեությունը մեր տարածաշրջանում պետք է նպաստի հավասարակշռության և խաղաղության պահպանմանը», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է գործեն ՀԱՊԿ կանոնադրության տառին ու ոգուն համաձայն, և վստահեցրել, որ Հայաստանը հավատարիմ է այդ սկզբունքներին: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ստանիսլավ Զասն իր գործունեությամբ կնպաստի ՀԱՊԿ անդամ երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցության և հավաքական անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացմանը:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել անվտանգության մարտահրավերներին, ռազմատեխնիկական գործակցությանը, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման խնդիրներին և այլն:

Ստանիսլավ Զասը նաև շնորհավորել է ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին՝ Հանրապետության տոնի առթիվ, մաղթել խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում: