Դովլաթյանը խաղաթղթերով բախտագուշակություն անելով հայտարարել էր՝ Իռան ճակատագրով իրենն է

Այսօր անվանի կինոբեմադրիչ Ֆրունզե Դովլաթյանը կդառնար 92 տարեկան

Անվանի բեմադրիչ, դերասան Ֆրունզե Դովլաթյանի հիշատակին LIVEnews-ը ներկայացնում է Դովլաթյանի կնոջ՝ Իռեն  Օրդուխանյան-Դովլաթյանի հիշողությունները ամուսնու մասին, որ տարիներ առաջ տպագրվել էր «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթում։

Ֆրունզե Դովլաթյան և Իռեն Օրդուխանյան- Դովլաթյան

Տիկին Իռան իր ապագա ամուսնուն հանդիպեց, երբ նա ժողովրդական մեծ ճանաչում էր ձեռք բերել «Հայֆիլմում» նկարահանած «Բարև, ես եմ» կինոնկարով, որը մեծ արձագանք ունեցավ ոչ միայն Խորհրդային Միության սահմաններում, այլև արտասահմանում: Դովլաթյանին դասեցին 60-ական թվականների խորհրդային կինոյի դեմքը որոշող ռեժիսորների շարքը: Թեև դրանից առաջ էլ «Մոսֆիլմում» նա նկարել էր «Դիմա Գորինի կարիերան» և «Առավոտյան գնացքներ» ֆիլմերը, որոնք ևս մեծ ընդունելության էին արժանացել: Այդուհանդերձ, Դովլաթյանի փառքի մեկնարկը սկսվեց «Բարև, ես եմ» ֆիլմով: Այդ ժամանակ նա Մոսկվայից տեղափոխվել էր Երևան, մշտական աշխատանքի անցել «Հայֆիլմում» և անմիջապես ձեռնարկել այդ ֆիլմի նկարահանումները, որի հնչյունային ռեժիսորն էր Էդուարդ Վանունցը` Իռենի առաջին ամուսինը: Էդուարդ Վանունցը փայլուն տիրապետում էր իր մասնագիտությանը և նրա աշխատանքից գոհ լինելով` Դովլաթյանն իր հաջորդ՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի հնչյունավորման համար ևս հենց նրան է հրավիրում: Վանունցը աշխատանքի մեջ է ներքաշում նաև կնոջը, ով ևս հնչյունային ռեժիսոր էր, թեև ամուսնու փորձն ու վարպետությունը չուներ: Սակայն հետագայում դեպքերն այնպես են զարգանում, որ Վանունցը հրավիրվում է Լենինգրադ` մասնակցելու «Լիր արքայի» նկարահանումներին: «Սարոյաններն» այդ ընթացքում անավարտ էր մնացել, և 30-ամյա կինն ստիպված էր միայնակ շարունակել ամուսնու աշխատանքը: «Ես վախենում էի, որ չեմ արդարացի ռեժիսորի սպասելիքները: Շատ լարված օրեր էին: Ինձ թվում էր` ես միշտ այն չէի անում, ինչ անհրաժեշտ էր: Սակայն Ֆրունզե Դովլաթյանը շատ զուսպ մարդ էր և ոչ մի հանդիմանություն, նկատողություն չհնչեց իմ հասցեին»,- հուզմունքով հիշում է տիկին Իռենը։

Երևի զսպվածության ու հանդուրժողականության պատճառներից մեկն էլ այն էր, որ արդեն այն ժամանակ ռեժիսորն անտարբեր չէր այդ կնոջ նկատմամբ` չնայած նա ամուսնացած էր և երեխա ուներ: Բայց համատեղ աշխատանքի ընթացքում հոգեկան մտերմություն էր ստեղծվել նրանց միջև, և Դովլաթյանը հասկանում էր, որ ամուսնու կողքին Իռենը երջանիկ չէ: Վանունցը բնավորությամբ բավականին ծանր մարդ էր, իսկ տիկին Իռան փոքր-ինչ այլ տեսանկյունից էր նայում կյանքին` լավատես էր, կենսուրախ ու թեթև: Այդ հակասությունը հեռացրել էր նրանց միմյանցից, դարձրել օտար: Ահա թե ինչու, երբ Դովլաթյանն ամուսնության առաջարկ արեց, տիկին Իռան չմերժեց, նամանավանդ, երբ խաղաթղթերով ու սուրճի մրուրով գուշակություններ անելու ունակությամբ օժտված լինելով` Դովլաթյանը հերթական անգամ բախտը նայելուց հետո` Իռային հայտարարել էր, որ նա իրեն ճակատագրով է նախատեսված: Ամուսնալուծվելուց հետո Իռեն Օրդուխանյանը դարձավ հայտնի ռեժիսորի կինը: Այդուհետ նրա կյանքը փոխվեց` կինոփառատոները, ճաշկերույթները, երեկույթները թվում է՝ պետք է պտտեցնեին երիտասարդ կնոջ գլուխը, սակայն դա նրա կյանքի միայն տեսանելի` հեքիաթային կողմն էր: Իրականում Դովլաթյանի հետ մեկ հարկի տակ ապրելն այնքան էլ հեշտ առաքելություն չէր: Շատ կանայք նախանձում էին նրան` ցանկանալով իրենց տեսնել Դովլաթյանի կնոջ դերում: «Ֆրունզը չափից ավելի գեղեցիկ տղամարդ էր, և բազմաթիվ կանայք մինչև ականջները սիրահարված էին նրան և չէին ուզում հասկանալ, թե ինչու էր նա հենց ինձ ընտրել»:

Երկրպագուհիները անթիվ էին, սիրահարված էին նրան: Դա չէր կարող չվրիպել տիկին Իռայի աչքից և երբեմն խանդելու  առիթ էր տալիս: «Նկարահանումների ժամանակ, երբ մոտենում էի նրան ինչ-որ բան ասելու համար, իսկ նա տարված էր լինում դերասաններով, դերասանուհիներով, քանի որ ապրում էր նրանց խաղով, նա ձեռքս քնքշանքով բռնում էր, շոյում` հասկացնելով, թե`դու ես, Իռա`անկախ ամեն ինչից, դու ես իմ կյանքի միակ ընկերը: Նրա այդ մի շարժումն այնքան բան էր ինձ ասում, որ ես հանգիստ շունչ էի քաշում»: Դովլաթյանն էլ իր հերթին էր խանդում կնոջը: Միշտ աշխատում էր տեղեկանալ, թե որտեղ է նա և ինչով է զբաղված:

Բացի դրանից, ամուսիններն ունեին իրենց անցյալը` երկուսն էլ արդեն մեկ անգամ ամուսնացած էին եղել և այդ ամուսնություններից մեկական զավակ ունեին: Նրանց հարկավոր էր դաստիարակել, հոգալ ուսման հարցերը: Այնուհետև ծնվում է նաև իրենց որդին` Դավիթը և սեփական զավակների խնամքով զբաղվելու պարտականությունից բացի՝ ավելանում է ևս մեկը: Երկուսն էլ կայացած մարդիկ էին և ունեին սեփական պահանջներն ու սկզբունքները: Այդ ամենը վեճերի առիթներ էր ստեղծում ամուսնական համատեղ կյանքի առաջին տարիներին։ Այդուհանդերձ Դովլաթյանները փորձում էին համբերատարությամբ, լավատեսությամբ ու խոհեմությամբ հաղթահարել բոլոր խութերը, և դրանում նրանց շատ էր օգնում համատեղ աշխատանքը: «Մենք ապրում էինք մեկս մյուսի աշխատաքնով: Ոչ միայն ամուսիններ էինք, այլև գործընկերներ, և եթե որպես ամուսիններ վիճած էինք լինում, ապա աշխատանքի ժամանակ ուզած-չուզած՝ հաշտվում էինք ու ամեն ինչ մոռանում: Ֆրուզը գործի մեջ հաշվի էր նստում ինձ հետ, վստահում էր իմ ճաշակին, մտավոր կարողություններին, միշտ խորհուրդ էր հարցնում դերասանների հագուստի կամ ներքին կահավորման ընտրության հարցերում»,- հիշում է կինը:

Իր բոլոր կինոսցենարները Դովլաթյանն առաջինը կնոջն էր հանձնում կարդալու, որպեսզի ինքը զուր ժամանակ չկորցնի, և եթե տիկին Իռան հավանություն էր տալիս որևէ սցենարի, Դովլաթյանը նոր միայն անդրադառնում էր դրան:

Ֆրունզե Ֆովլաթյանին երջանիկ և միևնույն ժամանակ դժվար ճակատագիր էր բաժին ընկել նաև ստեղծագործական կյանքում:

Տարեցտարի նրա նոր կինոնախագծերը ավելի ու ավելի դաժան կինոքննադատության էին ենթարկվում, հալածվում, կտրատվում կամ ընդհանրապես մերժվում էին:

Սովորաբար Դովլաթյանը շատ դանդաղ էր աշխատում, քանի որ հանգամանալի էր նախապատրաստվում ամեն մի նոր կինոնախագծի կյանքի կոչելուն: Պատահական չէ, որ իր ստեղծագործական 30-ամյա կյանքում Դովլաթյանն ընդամենը ութ ֆիլմ է նկարահանել: Իր յուրաքանչյուր ֆիլմին սեփական զավակի պես էր վերաբերվում: Եվ խորհրդային կինոքննադատության մկրատի ամեն միջնորդությունը սրտի կսկիծով էր ընդունում, հուսահատվում էր, թևաթափ լինում, ինչպես որ պատահեց 1972 թվականին «Երևանյան օրերի խրոնիկայի» նկարահանման ժամանակ: Կենտկոմը և համամիութենական Պետկինոն պարզապես կոտրեցին ֆիլմի մեջքը: Ֆիլմի ամեն դիտումը սովորաբար ավարտվում էր այս կամ այն տեսարանի ոճրագործ անդամահատումով: Ամեն անգամ ֆիմը հանձնելու ժամանակ մշակույթի նախարար Գևորգ Հայրյանը հատվածներ, խոսքեր, նախադասություններ էր կտրել տալիս: Հերթական հանձնման ժամանակ, երբ ֆիլմը ռեժիսորի կինն էր ներկայացնում, Հայրյանը բարկացած բղավեց` ի՞նչ է, այս ֆիլմի պատճառով ես իմ կուսակցական տոմսը պետք է նետե՞մ սեղանին:

«Երևանյան օրերի խրոնիկան» էկրան բարձրացավ մասնատված, ներքին կառույցն ու միտքը խեղաթյուրված, անհասկանալի տարբերակով, և հանդիսատեսը այդպես էլ չընկալեց այն: Դրանից հետո երկար ժամանակ ռեժիսորի կյանքում ստեղծագործական դադար էր: Նա փնտրտուքների մեջ էր, բացի այդ` փորձում էր ուշքի գալ վերջին ֆիլմի անհաջողությունից հետո: Ի վերջո կինը նրան խորհուրդ տվեց աչքի անցկացնել Անդրեյ Բիտովի սցենարը` հայ մեծ գիտնական Հովսեփ Օրբելու մասին: Դովլաթյանը շատ հավանեց սցենարը, սակայն այն ևս պետք է բախվեր խորհրդային կինոքննադատության պատին: Մոսկվան մերժեց` ասելով, թե սցենարում Օրբելին ներկայացվում է որպես մեծ գիտնական` միակը ողջ Խորհրդային Միությունում: Իրականում Անդրեյ Բիտովը, ով այն տարիների համար բավականին ազատ գրող էր համարվում, արգելված հեղինակ էր, ուստիև դա չէր կարող չանդրադառնալ Օրբելու մասին ֆիլմն արգելքի տակ դնելու Պետկինոյի որոշման վրա: Դրանից Ֆրունզե Դովլաթյանն ավելի ընկճվեց, թեև կինը փորձում էր լավատեսություն ներշնչել նրան, համոզում, որ դժվարություններից չի կարելի հուսահատվել, այլ հարկավոր է պայքարել ու շարունակել նոր ֆիլմեր նկարել:

Ընդհանրապես ամուսինները մեկը մյուսի հակապատկերն էին: Չնայած 12 տարվա տարիքային տարբերությանը` Դովլաթյանը ծերունու պես ծանրախոհ էր, հավասարակշռված, թեև շուտ էր հուսահատվում, ընկճվում: Կինը դեղահաբի նման միշտ սատարում էր ամուսնուն, ստիպում ավելի թեթև, հարմարավետ ապրել ու չբարդացնել առանց այն էլ դժվարություններով ու փորձություններով լի կյանքը: Երբեմն դա նրան հաջողվում էր, երբեմն Դովլաթյանն օրերով խորասուզվում էր ինքն իր մեջ: Շատ գաղտնապահ էր, ինքնամփոփ, երբեք չէր կիսվում, չէր սիրում բացվել, ամեն ինչ ներս էր գցում, տաջվում: «Նա մի առիթով խոստովանել է, որ իրեն թվում է, եթե սիրտը բացի մարդկանց առջև, անպաշտպան կդառնա: Նաև սնոտիապաշտ էր. վախենում էր, որ եթե լավ բանը բարձրաձայնի, չի կատարվի, իսկ վատը հակառակը` կկատարվի»:

Բայց բավական էր նոր կինոսցենար հայտնվեր Դովլաթյանի ձեռքում, և նա կրկին երեխայի պես խանդավառվում էր, լծվում աշխատանքի: 1976 թվականին նկարահանում է «Երկունք», իսկ երեք տարի անց «Ապրեցեք երկար» ֆիլմերը: Բարեբախտաբար դրանք խուսափում են նախորդ ֆիլմերի ճակատագրից: Այդ ոգևորությամբ 1987 թվականին կյանքի է կոչում «Մենավոր ընկուզենին» հանճարեղ ֆիլմը, որը պետք է մի շարք մրցանակներ շահեր: Տիկին Իռան ոգևորությամբ հիշում է, որ ֆիլմը ներկայացվեց 1987 թվականի մայիսին Թբիլիսիում կայացած համամիութենական 20-րդ կինոփառատոնին, որին ներկա էին Խորհրդային Միության բազմաթիվ անվանի գործիչներ, կինոաստղեր, դրամատուրգներ, կինոքննադատաներ, արտասահմանյան երկրների կինոգործիչներ: Այդ օերին լրանում էր Դովլաթյանի 60-ամյակը, և Փարաջանովը, որ շատ էր սիրում Դովլաթյանին, մտադրվում է իր տանը մեծ շուքով նշել իր լավ ընկերոջ ու բարեկամի տարեդարձը: Նա հայկական պատվիրակությանը և մի շարք կինոգործիչների հրավիրում է իր տուն: Ընդունելությունն սկսվում  էր Կոտե Մեսխի փողոցից` առատ սեղաններով: Փարաջանովի տունն ու բակը լի էր հյուրերով: Կինոփառատոնը պաշտոնական վայրից տեղափոխվել էր Փարաջանովի տուն: Կենացների ու զրույցների ամենաթեժ պահին Փարաջանովը սենյակի անկյունում գտնվող սունդուկից հանում է մի թիկնոց, որը կարել էր բանտում՝ Ֆելինիի համար և գցում Ֆրունզեի ուսերին:

Դրանից հետո Դովլաթյանն ապրեց իր կյանքի թերևս ամենալուսավոր տարիները: Նա երջանիկ էր ընտանիքում` կնոջ ու նրա դստեր` Ագաթայի, կնոջ ծնողների շրջապատում. Դավիթը մեկնել էր Բուլղարիա, և Ագաթան ու տիկին Իռենի ծնողները տեղափոխվել էին նրանց մոտ: Ստեղծագործական կյանքում էլ հաջողությունները հաջորդում էին մեկը մյուսին: «Մենավոր ընկուզենուց» հետո նա նկարահանեց «Կարոտը»՝ 65 տարեկանում, որը կարելի է խորհրդային կինոյի այդ շրջանի գլուխգործոցներից մեկը համարել:

Սակայն երջանիկ տարիներին հաջորդեցին հուսահատության, մթի ու հոգու ցավի տարիները: Դովլաթյանը տառապում էր իր ժողովրդի ճակատագրով, ափսոսում իր ստեղծագործական ուժերը պարտադրաբար պարապուրդի մատնելու համար, քանի որ հայ ժողովրդի համար կյանքի պայքարի այդ տարիներին մշակույթի մասին խոսելն անգամ ավելորդ էր: 1997 թվականին հիվանդանոցում տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ Դովլաթյանը խոստովանել է. «Ես ցավում եմ, որ դեռ լի եմ ստեղծագործական ուժերով, սակայն տիպված եմ ապրել հիշողություններով և դեռ կենդանի, ինձ արդեն հիշում են»: Սրանք նրա ամենատխուր մտքերն էին, որ ծնվել էին հուսահատությունից, վշտից ու նա երբեք չէր բարձրաձայնել, անգամ հարազատների մոտ:

Այնինչ ճակատագիրը Դովլաթյանին Հայաստանից հեռանալու բազմաթիվ հնարավորություններ էր ընձեռել. նրան հրավիրում էին Մոսկվա, բնակարան հատկացնում, կինն էլ  իր հերթին հորդորում էր մեկնել Ռուսաստան, որտեղ նրան ավելի մեծ դափնիներ էին սպասում: Սակայն Դովլաթյանն իր կյանքը Հայաստանում էր պատկերացնում: Այնտեղ նա զուտ ռուսական ֆիլմեր էր նկարելու` լավ ֆիլմեր, որոնք սակայն զրկված էին լինելու իրեն հոգեհարազատ համուհոտից: Նա պետք է ապրեր իր բնօրրանում ու սնվեր նրա հողից: Հետո նրան հրավիրեցին ԱՄՆ` մշտական բնակության իրավունք խոստանալով: Բայց Դովլաթյանը  մերժեց անգամ այդ հրավերը` մահկանացուն կնքելով իր բնօրրանում:

 

Թագուհի Ասլանյան