Միայն ներքին կայունության շնորհիվ Արցախը կարող է դիմակայել քաղաքական և ռազմական մարտահրավերների. Աշոտ Սարգսյան

Արցախում տեղի ունեցող գործընթացները գնահատում եմ խիստ բացասական, դասական իմաստով քաղաքական պայքարը բացակայում է:

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը:

«Արցախում 2020 թվականի գարնանը տեղի ունենալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի սկիզբը դեռ չհայտարարված՝ արդեն որոշ «հայտարարված թեկնածուներ» սկսել են քարոզարշավը, որը ավելի շատ նման է քարոզակռվի,- ասել է Ա. Սարգսյանը։- Այն պատիվ չի բերում և ոչ մի պոտենցյալ թեկնածուի: Արցախում ներկայումս պետական գրանցում են ստացել 16 կուսակցություններ, որոնց բացարձակ մեծամասնությունը նույն գաղափարախոսության կրողներն են: Նրանք, իմ կարծիքով, կարող են միավորվել և  հանդես գալ միևնույն դրոշի տակ: Բայց թե ինչու չեն միավորվում, պատճառը պարզ է, բոլորն էլ ուզում են տիրանալ իշխանության լծակներին: Նման փոքրիկ պետության համար, ինչպիսին Արցախն է, կուսակցությունների խայտաբղետությունը լավ բանի չի բերելու: Աստվածաշունչը մեզ հուշում է՝ բաժանումներ չպիտի լինեն: Հայաստանում անկախության հռչակումից ի վեր դրսի ուժերի կողմից ներդրված է ազգակործան մի ծրագիր, որը ցավոք, այժմ էլ գործում է: Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նպատակից շեղվելով՝ մենք որդեգրել ենք մի ուղի, որը տանում է դեպի կործանում: Աստվածաշունչը նորից մեզ հուշում է. «Ինքն իր մեջ բաժանված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կործանվում»: Միայն ներքին կայունության շնորհիվ Արցախը կարող է դիմակայել  քաղաքական և ռազմական մարտահրավերների: Դրա ապացույցը տեսանք Ապրիլյան պատերազմում»: